Ռուբեն Վարդանյան․ Չեմ ասելու՝ կներեք, ժողովուրդ, Մոսկվայում կարևոր գործեր ունեմ, Պուտինին եմ հանդիպելու, պիտի գնամ

Ռուբեն Վարդանյան․ Չեմ ասելու՝ կներեք, ժողովուրդ, Մոսկվայում կարևոր գործեր ունեմ, Պուտինին եմ հանդիպելու, պիտի գնամ

PanARMENIAN.Net - Հայտնի գործարար, հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը, որը հայտարարել է ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու մասին, Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ ռուբիկոնն անցել է և հետ չի գնալու։

«Ես դա արել եմ՝ հասկանալով, որ պիտի ցույց տամ, որ ես գիծն անցել եմ։ Հիմա կստացվի, թե չէ, դա այլ հարց է, ամեն ինչ հնարավոր է, բայց ես հետ չեմ գնալու։ Ես չեմ ասելու՝ կներեք, ժողովուրդ, Մոսկվայում կարևոր գործեր ունեմ, Պուտինի հետ պիտի հանդիպեմ, պիտի գնամ։ Ես ոչ ռուսական անձնագիր ունեմ, ոչ անգլիական։ Սա ձեր համար չի, սա նրա համար է, որ հասարակ քաղաքացին զգա, որ ինքը մենակ չի, որ եթե էս մակարդակի մարդն եկել ու ասում է, որ իրենց հետ է, ուրեմն իրենք մենակ չեն։ Այս օրերին ինձ այնքան մարդիկ են մոտեցել պարզապես ժպտալով, պարզապես զգալով, որ մենակ չեն, դուք չեք պատկերացնի այդ պոզիտիվը»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

Վարդանյանը նաև անդրադարձել է իր անվան շուրջ վերջին օրերին պտտվող տարբեր մեկնաբանություններին։

«Առաջինը, Ռուբեն Վարդանյանը սանկցիաների մեջ չէ։ Ռուբեն Վարդանյանը մինչև այսօր աշխատում է, գնում է աշխարհով մեկ՚ Ամերիկա, Ֆրանսիա, ամեն տեղ, ու ոչ մի խնդիր չունի։ Երկրորդ, Ռուբեն Վարդանյանը եթե ուզենար սանկցիաներից գնար, կգնար այլ երկիր, ոչ թե Արցախ, առանց Արցախին նեղացնելու։ Երրորդ, դուք ինձ տվեցիք հարց կապված իմ նկատմամբ սահմանափակումների հետ, ես ուզում եմ ասել, որ ամեն ինչ անում ենք հայրենիքի համար։ Եթե ունես երկու պետության անձնագիր, չես կարող լինել պաշտոնատար անձ։ Եթե ես հնարավորություն ունենայի ունենալ միայն Արցախի անձնագիր, ես կանեի։ Ես Արցախի անձնագիր ունեմ Հայաստանից ավելի շուտ, 2016 թվականից։ Ես արել եմ, ինձ հեշտ է խոսելը։ Իմ տղան է այստեղ ծառայել, այն ժամանակ կամավոր։ Ես ոչ թե հիմա եմ եկել ու սկսում եմ ինչ-որ բան անել, այլ վաղուց է ամեն ինչ։ Յոթ հարյուր հարսանիքից, որ Լևոն Հայրապետյանը կազմակերպել է, երկու հարյուր երեսուներկու ընտանիքին ես եմ քավոր կանգնել, չորս-հինգ հարյուր երեխա է ծնվել և ես իրենց պահել եմ։ Ես ձեր բոլորի աչքերին կարող եմ հանգիստ նայել, կլինեք գլոբալիստ, ռուսամոլ։ Եթե գլոբալիստը ինձ պես բան է արել՝ հալալ է»,- ասել է նա։

Վարդանյանը նաև ասել է, որ մենք հիմա մի նոր Սարդարապատի առջև ենք կանգնած, և «Սարդարապատի ժամանակ չէին հարցնում՝ դու գալի՞ս ես մեր հայրենիքը պաշտպանելու, թե չես գալիս»։

«Հիմա, ինձ թվում է՝ այս իրավիճակում ամենակարևորն այն է, թե ով է այստեղ պատրաստ հայրենիքը պաշտպանելու։ Երկրորդը, եթե Դուք ուզում եք իմանալ, թե ով է Ռուբեն Վարդանյանը, պետք չէ կարդալ տարբեր բաներ, պետք է նայել՝ Ռուբեն Վարդանյանը այս վերջին քսան տարվա մեջ ինչե՞ր է արել՝ գլոբալիստական, ռուսամոլ, ռուսաֆոբ, որովհետև, ի վերջո, մենք՝ բոլորս, գնալու ենք, մարդու գործերն են մնալու։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս՝ այն 700 պրոյեկտը, որը ընդունված է, Դուք կարող եք ասել՝ գիտե՞ք, պարոն Վարդանյան, էս պրոյեկտները լավը չեն, կամ էս պրոյեկտներով դուք օգնել եք գլոբալիստական շարժմանը։ Ես հայրենասեր հայ մարդ եմ, որը երազել է ու ամեն ինչ արել է, որ Հայաստանը լինի ուժեղ, երջանիկ և անկախ երկիր։ Իսկ էդ անուն կպցնելը՝ «Թաթար Ռուբո», «ռուսաֆոբ», էդ սաղ խաղեր են»,-ասել է նա։ ‌

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---