Արշակյանը՝ Ճապոնիայի դեսպանին․ Ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ նաև Նախիջևանի կողմից![]() 19 սեպտեմբերի 2022 - 18:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի ծավալած հարձակողական գործողությունների մասին: Նա հավելել է` վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի կողմից՝ ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: ԱԺ նախագահի տեղակալն իր մտահոգությունն է հայտնել Նանմադոլ թայֆունի առնչությամբ, որի պատճառով մոտ չորս միլիոն մարդ է տարհանվել, և հույս է հայտնել, որ իրավիճակը շուտով կկարգավորվի: Արշակյանը նշել է, որ Հայաստանին և Ճապոնիային հաջողվել է զարգացնել սերտ բարեկամական հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն և ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցություն: «Մենք լիահույս ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն ավելի կամրապնդի մեր երկկողմ կապերը քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում»,-ասել է նա։ Ճապոնիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ներկայացրած հանգամանալից տեղեկատվության համար: Նա տեղեկացրել է, որ կփոխանցի Ճապոնիայի կառավարությանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ փոխնախագահի ներկայացրած տեղեկությունները: Մասանորի Ֆուկուշիման նշել է, որ Ճապոնիան և Հայաստանն ունեն գործընկերային ջերմ հարաբերություններ, սակայն համագործակցության չիրացված զգալի ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել: Նրա խոսքով՝ ժամանակն է ակտիվացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլոտներում: Երկուստեք կարևորվել է նաև հայ-ճապոնական մշակութային ու գիտական կապերի ամրապնդումը: ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի՝ Ճապոնիա կատարվելիք այցի առնչությամբ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |