Վիվա-ՄՏՍ. Օրթեզների՝ եռամյա ծրագիրն ընթացքի մեջ է

Վիվա-ՄՏՍ. Օրթեզների՝ եռամյա ծրագիրն ընթացքի մեջ է

PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ը և «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությունն օրթեզավորման ծրագիր են իրականացնում:

Ողնուղեղային, գլխուղեղային, վերին և ստորին վերջույթների վնասվածքով զինվորների վերականգնողական բուժման ժամանակ, հետվնասվածքային բարդությունները կանխելու համար, հաճախ օրթեզավորման կարիք է լինում: Շատերը, չհարմարվելով ստատիկ օրթեզներին, նախընտրում են տեղաշարժվել անվասայլակով, ինչը, սակայն, կարող է առաջացնել երկրորդային առողջական բազմաթիվ խնդիրներ: 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորներին այդ հարցում աջակցելու համար, Վիվա-ՄՏՍ-ը և «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությունն օրթեզավորման ծրագիր են իրականացնում: Կոռնիձորցի Հարութն այդ ծրագրի շահառուն է դարձել և իր նպատակասլացության ու ֆիզիոթերապիստների ջանքերի շնորհիվ՝ արդյունավետ տեղաշարժ ապահովել:

«Մոտավորապես մեկ ամիս անվասայլակի վրա եմ եղել: Հետո, իմ կինեզոթերապիստը՝ Հայկը, հարցրեց կոչումս: Երբ իմացավ, որ կապիտան եմ՝ մեկ շաբաթ ժամանակ տվեց, ասելով՝ եթե ոտքի չկանգնեմ, կկոչումազրկեն ինձ: Դա ինձ ստիպեց, որ ոտքի կանգնեմ: Մի օր էլ գնացի իր մոտ ու իր աչքի առաջ թողեցի սայլակը»,- ասել է 28-ամյա կապիտան Հարութ Դավթյանը:

«Հարութին մոտիվացնելու համար կոչման պահը կիրառեցինք և դա աշխատեց: Գրեթե տասն օրում, սայլակից անցավ քայլակի: Նրա մոտ վերականգնման պրոցեսն արագ ընթացավ: Հարութը սպա է. կարգուկանոնին հետևելու վճռականությունն ու մոտիվացիան, ձգտումը շատ մեծ էին: Չնայած իր՝ ծանր վնասվածքի, լավ արդյունք կա նույնիսկ այսօր: Երբ հասնում ենք մի մակարդակի, ունենում ենք քայլք, բայց դա այն չէ. կան շտկման անհրաժեշտ դետալներ՝ մկանների թուլության պատճառով: Սկսում ենք կիրառել օրթեզ՝ քայլքը փոխելու և այն ավելի սահուն դարձնելու համար: Օրթեզը ոչ միայն հեշտացնում է Հարութի քայլքը, այլև լրացուցիչ ջանքեր չի պահանջում, էներգիա է խնայում», - ասել է Հայկ Խաչատրյանը՝ Հարութի հետ աշխատող կինեզոթերապիստներից մեկը:

Հարութի հետ դեռ աշխատելու անհրաժեշտություն կա: Սյունիքից, վերականգնողական բուժման համար ժամանակ առ ժամանակ Երևան եկող կապիտանը, «Զինվորի տանը» անհրաժեշտ կուրսեր է անցնում: Պատերազմի հետևանքներով նույն ճանապարհն անցած զինվորականներին օգտակար լինելու համար, մասնագետները ջանքեր չեն խնայում: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ ձեռք բերված՝ ժամանակակից 100 օրթեզի կիրառումից ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանորեն վերականգնման արդյունք է ակնկալվում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---