Տոնոյան․ Անդամակցությունը ՀԱՊԿ-ին երբեք իրական խոչընդոտ չի եղել Արևմուտքից ռազմական գնումների համար

Տոնոյան․ Անդամակցությունը ՀԱՊԿ-ին երբեք իրական խոչընդոտ չի եղել Արևմուտքից ռազմական գնումների համար

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով փաստաբանական թիմի կողմից խմբավորած վերջին շրջանում տարբեր ԶԼՄ-ների ստացված հարցերին, անդրադարձել է ստեղծված իրավիճակում, Արևմուտքի հետ հնարավոր ռազմական գործակցությանը, ՀԱՊԿ-ի դերակատարությանը։

Պատասխանելով Արևմուտքի հետ ռազմատեխնիկական համագործակցություն ծավալելու գաղափարի մասին հարցին՝ Տոնոյանն ասել է, որ ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը երբեք իրական խոչընդոտ չի եղել Արևմուտքից ռազմական գնումներ կատարելու համար, դա արհեստածին միֆ է

«Նման համագործակցություն ծավալելու գաղափարը նոր չէ և լիովին իրատեսական է: Գործնական առումով ինձ հայտնի չէ, թե արդյո՞ք արևմտյան երկրները 2020 թվականի նոյեմբերից հետո հանել են քաղաքական սահմանափակումները Հայաստանին և Ադրբեջանին սպառազինություններ մատակարարելու վերաբերյալ: Եթե այդ սահմանափակումները հանվել են, թուլացվել են կամ «անտեսվում են», ապա՝ ի գո՛րծ: ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը երբեք իրական խոչընդոտ չի եղել Արևմուտքից ռազմական գնումներ կատարելու համար, դա արհեստածին միֆ է: Գործել են զուտ վերոհիշյալ սահմանափակումները»,-նշել է նաև։ :

Նա նաև հավելել է, որ զենքի և զինամթերքի գնումները լռություն են սիրում, այլ ոչ թե հրապարակախոսական ելույթներ։

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայից հետո ստեղծված վիճակին՝ Տոնոյանը նշել է, որ երկօրյա ռազմական գործողությունների արդյունքում բավականին տարօրինակ իրավիճակ է ստեղծվել՝ երկկողմանի զոհերի և վիրավորների քանակը բավականին մեծ է, դիրքային փոփոխությունների պատկերը՝ մտահոգիչ:

«Հակառակորդը հայտարարում է, որ իր նպատակին հասել է և արհամարհում է միջազգային բոլոր արձագանքները: Առերևույթ ՀՀ զինված ուժերը «կաշկանդվածություն» են դրսևորում, որը, կարծում եմ, քաղաքական որոշման արդյունք է: Նման «կաշկանդվածության» շարունակությունը ծանր հետևանքներ է թողնելու զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի և, հետևաբար, մարտունակության վրա:

Հարց է առաջանում՝ ո՞րն է այն «կարմիր գիծը, որի հատման պարագայում Զինված ուրեն այլեւս կաշկանդված չեն լինի: Արդյո՞ք քաղաքական իշխանությունը զինված ուժերի գործողությունները գնահատում է բավարար, թե՞ կարծում է, որ դրանք ունակ չեն նշված իրավիճակում պատշաճ գործելու, եւ ցանկացած հանդուգն գործողություն կարող է մեծաթիվ կորուստների պատճառ դառնալ:

Այս հարցադրումներին հրապարակային պատասխաններ չեն հնչել: ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու, ժողովրդական լեզվով ասած, «պլստալու», «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով: Զինված ուժերի ղեկավարությունը քաղաքական ղեկավարությունից պետք է պահանջի բանակին անհրաժեշտ միջոցների մատակարարում, իսկ կառավարությունն օր առաջ դա պետք է ապահովի՝ ցանկացած գնով: Կրկնում եմ՝ ցանկացած գնով. և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստով»,-նշել է Տոնոյանը։

Նա պատասխանել է նաև այն հարցին, թե ի՞նչ կարող են անել զինվորականները և դիվանագետները Նախիջևանից ներխուժման վտանգը, որի մասին պաշտոնապես է հայտարարվել, չեզոքացնելու կամ մեղմելու համար:

«Նախիջևանի ուղղությունը նոր չէ, որ խնդրահարույց է: Ժամանակին բավականին միջոցներ ձեռնարկվել էին այդ ուղղությամբ ռազմական գործողությունների վտանգը չեզոքացնելու համար:

Մոտեցումս հետևյալն է՝ Զինված ուժերի մարտունակությունը սեղմ ժամկետում պետք է կտրուկ բարձրացնել, որակական փոփոխություն ապահովել հակառակորդի նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի ժամանակակից ռազմական գործողություններ վարել ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով և ապահովել ՀՀ պարտավորությունը Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը և ինքնորոշվելու իրավունքը երաշխավորելու առումով»,-նշել է Տոնոյանը:

Գնահատելով ՀՀ իշխանությունների հրապարակային քննադատությունը ՀԱՊԿ-ի փաստացի անգործության վերաբերյալ՝ Տոնոյանը նշել է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը, որպես Ադրբեջանին զսպող գործոն, դարձյալ միֆ է, որի փլուզման ականատեսն ենք հիմա:

«ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին հետապնդում է անվտանգության ապահովման այլ՝ բազմաշերտ նպատակներ, որոնց փոփոխություն ես չեմ տեսնում:

Անկախ ամեն ինչից, ՀԱՊԿ-ը որևէ կերպ չի խոչընդոտում, որ ՀՀ Զինված ուժերը պաշտպանեն մեր սահմանները»,-նշել է Տոնոյանը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---