ՌԴ ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններում սեպ խրելու Փարիզի փորձերը դատապարտված են ձախողման

ՌԴ ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններում սեպ խրելու Փարիզի փորձերը դատապարտված են ձախողման

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով ԼՂ հակամարտության մեջ ՌԴ դերի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, այն անվանել է «աղաղակող և բացարձակապես անընդունելի»։

Մակրոնը մեղադրել էր Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրելու, տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու մեջ:

Նա ասել է նաև, որ բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններում սեպ խրելու Փարիզի փորձերը դատապարտված են ձախողման և միայն կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության հետագա արժեզրկմանը։

«Մակրոնի այն հայտարարությունները, թե իբր Ռուսաստանն օգտագործում է ԼՂ հակամարտությունը Հարավային Կովկասն ապակայունացնելու համար, մենք աղաղակող և բացարձակապես անընդունելի ենք համարում։ Նման արտահայտությունները համահունչ են Ռուսաստանին դիվայնացնելու Արևմուտքի հակառուսական հունին և վկայում են առճակատման տրամաբանությունը Ուկրաինայից հետխորհրդային այլ տարածքներ, այդ թվում՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձերի մասին։ Ֆրանսիայի նախագահի անհեթեթ հերյուրանքները վկայում են, որ Փարիզը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման մեջ և հարցականի տակ են դնում կառուցողական դեր խաղալու իր երկրի կարողությունը։

Ի տարբերություն Ֆրանսիայի, որը նույնիսկ Բաքվի և Երևանի միջև սրացումների ժամանակ սահմանափակվում էր խաղաղության ստանդարտ կոչերով, Ռուսաստանը գործնական առումով է նպաստել հակամարտության կարգավորմանը։

Մեր երկիրը վճռորոշ ներդրում է ունեցել 2020-ի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման գործում, որը վերջ դրեց արյունահեղությանը։

Այդ պայմանավորվածության համաձայն տեղակայված ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է մնալ տարածաշրջանի անվտանգության երաշխավորը։ Խաղաղապահներն արդյունավետորեն կանխում են միջադեպերը իրենց պատասխանատվության գոտում, օգնում են խաղաղ կյանք հաստատել՝ մարդասիրական օգնություն են տրամադրում, ենթակառուցվածքներ վերականգնում։ Նրանց օգնությամբ 53,000 փախստական է վերադարձել տուն, զոհվածների ավելի քան 2000 մարմին է փոխանցվել, ընդհանուր առմամբ վերադարձվել է 146 գերի, վնասազերծվել է ավելի քան 25,000 պայթուցիկ առարկա։

Հենց Ռուսաստանն է սկսել աշխատանքը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ։

Ռուսաստանի մասնակցությամբ շարունակվում են խաղաղության օրակարգը խթանելու ակտիվ ջանքերը՝ հիմնված երեք երկրների ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների վրա: Մասնավորապես քայլեր են ձեռնարկվում ապաշրջափակելու համար Հարավային Կովկասի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, սահմանազատելու հայ-ադրբեջանական սահմանը, կնքելու խաղաղության պայմանագիր, հասարակությունների և փորձագետների միջև երկխոսություն հաստատելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

‌Մակրոնի հայտարարություններին անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դրանք անվանելով «ոչ կոռեկտ և անընդունելի»՝ հավելելով, որ, հնարավոր է, դեռ քննարկեն այդ խոսքերը Մակրոնի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ես զարմանքով կարդացի Ֆրանսիայի նախագահի որոշ մեկնաբանություններ․․․Կարծում եմ, որ բոլոր այդ հայտարարություններում բացակայում է հակամարտության բուն ընթացքի ընկալումը և կողմերի դիրքորոշումների մասին տեղեկատվությունը, ուստի դրանք հնչեցին ոչ կոռեկտ, անընդունելի․․։ Ամեն դեպքում ՌԴ-ն միշտ անկեղծորեն ձգտել է կարգավորել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղի և դրա շուրջ հարցերy»,-ասել է նա։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին ՀՀ և Ադրբեջանի միջև վերջին բախումները «նպատակաուղղված հրահրելու մեջ՝ ապակայունացնելու համար իրավիճակը Կովկասում և դրա սահմաններից դուրս»։ «Ինչ է կատարվում սահմանին վերջին երկու տարում... 5000 ռուս զինվոր է տեղակայված սահմանին, բայց ռուսներն օգտագործում են հարյուրամյակների պատմություն ունեցող հակամարտությունը և խաղում են Ադրբեջանի խաղը` Թուրքիայի մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որի հետ սերտ հարաբերություններ ունեն: Տեսնո՞ւմ եք` ինչ է կատարվում։ Սա իրավիճակն ապակայունացնելու Ռուսաստանի փորձն է, որն ուզում է խառնաշփոթ իրավիճակ ստեղծել Կովկասում` բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---