Իտալացի մասնագետները սեպտեմբերին կվերականգնեն Մինասի 11 որմնանկարներից մեկը

PanARMENIAN.Net - 2009-ի օգոստոսին իտալացի նկարիչները նախատեսում են ավարտել հայազգի անվանի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնումը: Մինասի որմնանկարի վերականգնումը 2008-ի հունիսին սկսել են երկու նկարիչ-վերականգնողներ ֆլորենտական Արվեստների եւ վերականգնման «Պալացցո Սպինելլի» ինստիտուտից:



Վերականգնման նպատակներով այս որմնանկարը, որը նկարվել էր Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Էլեկտրոտեխնիկական գործարանի ճաշարանի պատին (նույն գործարանի պատերը զարդարված են նկարչի եւս 4 որմնանկարներով), տեղափոխվել է նրա հայրենի գյուղի` Ջաջուռի տուն-թանգարան:



Ջաջուռում նկարչի տուն-թանգարանի տնօրենը` Մինաս Ավետիսյանի որդին, նշեց. «Մինասի մնացած ութ որմնանկարների ճակատագիրը, որոնք վերականգնման կարիք ունեն, երկար ժամանակի եւ մեծ ֆինանսական հնարավորությունների հարց է: Բայց գլխավոր խնդիրը համապատասխան շենք գտնելն է, որտեղ հնարավոր կլինի տեղավորել Մինասի 11 որմնանկարները»:



Ավետիսյանի խոսքերով, նկարչի 11 որմնանկարներից երկուսը գտնվում են Երեւանում եւ վերականգնում չեն պահանջում, իսկ մնացած որմնանկարները շտապ վերականգնման կարիք ունեն: «Մինասի որմնանկարների վերականգնման ողջ գործընթացը նկարահանում է «Շողակաթ» հեռուստաընկերությունը եւ եթե իտալացի մասնագետներին հաջողվի ժամանակին վերջացնել վերականգնումը, ապա 2009-ի սեպտեմբերին Երեւանում եւ Մոսկվայում կկայանա փաստագրական ֆիլմի ցուցադրություն, որի ստեղծմանը ֆինանսապես աջակցում է «Հայկական մշակույթի զարգացման կենտրոնը»,- հաղորդել է Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը:



Հարությունյանի խոսքերով, Ֆլորենցիայի եւ Միլանի մի շարք հեռուստաընկերություններ ցանկություն են հայտնել ցուցադրելու մի փաստագրական կինոնկար, որի նկարահանումները դեռ ընթացքի մեջ են:



Մինաս Ավետիսյանը ծնվել է Ջաջուռ գյուղում (Ախուրյանի շրջան) 1928թ. հուլիսի 20-ին գյուղացու ընտանիքում: Սովորել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանում (1947-1952), Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (1952-1954), Լենինգրադի Ի.Ե. Ռեպինի անվան Գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ինստիտուտում (1952-1954), որտեղ նրա գլխավոր ուսուցիչներից էր Բ.Վ. Յոհանսոնը: 1960-ից ապրել է Երեւանում:



Ավետիսյանի հասուն գործերում` գունային առումով հակադրվող, խոշոր էքսպրեսիվ վրձնահարվածներով նկարած, նոր կյանք են ստացել ֆովիզմի սկզբունքները: Նրա ստեղծագործություններում զգալի հետք են ունեցել անդրկովկասյան միջնադարյան մշակույթի ավանդույթները:



Հաջողությամբ հանդես է եկել նաեւ որպես թատերական նկարիչ (Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետի բեմադրությունը Ա. Սպենդիարովի անվան օպերայի եւ բալետի թատրոնում, 1974, եւ այլն) եւ գեղանկարիչ-մոնումենտալիստ (Գյումրիում գործարանային ինտերյերների նկարազարդում, 1970-1974):



Ավետիսյանը Երեւանում 1975-ի փետրվարի 24-ին ողբերգական վախճան ունեցավ ավտովթարից:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---