«Կարմիր բլուրում» Ք.ա. 7-րդ դարին պատկանող կառույց է պեղվել![]() 18 նոյեմբերի 2022 - 14:09 AMT PanARMENIAN.Net - «Կարմիր բլուր» հնավայրում 2022-ին իրականացրած պեղումները չափազանց կարևոր արդյունքներ են գրանցել ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ Մերձավոր Արևելքի հնագիտության ուսումնասիրության համար, պեղումների արդյունքում Ք.ա. 7-րդ դարին պատկանող կառույց է բացվել: Այդ մասին հայտնել է հայ-ավստրիական արշավախմբի համաղեկավար, «Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանը, գրում է Արմենպրեսը։ «Սա Ռուսա 2-րդի ժամանակաշրջանն է: Առնվազն 17 մետրը 50 մետրի վրա մոնումենտալ կառույց է բացվում իր ենթակառուցվածքներով: Իհարկե, մենք դեռ մի հատվածն ենք պեղել, որի արդյունքում սալահատակներով, մոնումենտալ պատերով, 11 կլոր սյան խարիսխ է բացվել»,-ասել է նա: Բադալյանը պատմել է, որ հնագետները ֆիքսել են նաև հրդեհի հետքեր, այրված շերտ սալահատակի վրա, որոնք արդեն ավելի ուշ փուլերին են վերաբերվում: «Մենք այս պեղավայրից ունենք նաև միջնադարյան խեցեղենից մի քանի բեկորներ և ամենայն հավանականությամբ կյանքն այստեղ շարունակվել է նաև միջնադարյան ժամանկաշրջանում»,-ասել է արշավախմբի համաղեկավարը: Նա նշել է, որ ավստրիացի գործընկերներն աշխատում էին Թեյշեբաինի ամրոցից հարավ ընկած հատվածում, հայկական կողմը`ամրոցի մուտքից հարավ-արևելք ընկած հատվածում: «Ավստրիական խումբը պեղել է մի շարք հնագիտական հետուրարտական ժամանակաշրջանի շերտեր, ինչը փաստում է, որ կյանքը Կարմիր բլուրում շարունակվել է նաև Երվանդունիների ու Աքեմենյանների ժամանակ: Տարածքից հայտնաբերված մի քանի փոքրիկ, այրված ոսկորների բեկորներից նմուշներ ենթարկվելու են անալիզի ավստրիացի գործընկերների ուժերով»,-ասել է Բադալյանը։ Նա հավելել է, որ «Կարմիր բլուրում» պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի: «Մենք հույս ունենք ամբողջապես պեղել այս մոնումենտալ համալիրը, այնուհետև ամրակայել և դարձնել հուշարձանի մաս: Կարծում եմ, սա շատ գրավիչ կլինի, քանի որ մենք խոսում ենք շուկայի կամ քարավանատան մասին: Հաջորդ տարի պեղումները ցույց կտան, թե կոնկրետ որ կառույցի մասին է խոսքը, սակայն, այն ինչ մենք բացում ենք, իր ճարտարապետական հատակագծով հիշեցնում է հայկական քարավանատների ճարտարապետական հատակագիծը»,-հավելել է Միքայել Բադալյանը: Սեպտեմբերի 24-ից «Կարմիր բլուրում» մեկնարկած պեղումները կավարտվեն նոյեմբերի 19-ին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |