ԲՈԿ նախագահ․ Կներդրվի գրագողության բացահայտման նոր ծրագիր![]() 22 նոյեմբերի 2022 - 15:12 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը, ներկայացնելով ոլորտի բարեփոխումները, հայտարարել է, որ գրագողության բացահայտման նոր ծրագիր կներդրվի։ «Նոր ծրագիրը ներդրման փուլում է. բազաներն ենք թարմացնում, առաջին փորձարկումներն ենք անում: Նոր տարբերակի ներդրումը չի սահմանափակվելու միայն ԲՈԿ-ով: Այն պետք է հասանելի դառնա նաև պարբերականների խմբագիրների համար, որպեսզի հոդվածը տպագրելիս ստուգումն անցած լինի»,- ասել է Կարեն Քեռյանը՝ կարևորելով գրագողությունները բացահայտելու ուղղությամբ մասնագիտական հանրույթի ներքին պահանջը և պատասխանատվությունը: Նրա տեղեկացմամբ՝ ծրագիրը նախատեսվում է մի ամսվա ընթացքում գործարկել ԲՈԿ-ի ներսում, իսկ արդեն 2023-ից՝ հասանելի դարձնել պարբերականների և մասնագիտական խորհուրդների համար: Գրագողության բացահայտման ծրագրի ներդրման շրջանակում համաձայնագիր է կնքվել ՌԴ գիտությունների ակադեմիայի Համակարգային ծրագրավորման ինստիտուտի (Институт Системного Програмирования) հետ, աշխատանքներ են տարվում Ղրղզստանի և Ղազախստանի հետ՝ կնքելու նոր համաձայնագրեր՝ փորձի փոխանակման, կարգերի մշակման ուղղությամբ խորհրդատվության և այլ նպատակներով: Ըստ Կարեն Քեռյանի՝ բազմաթիվ հետազոտություններ են արվել, ուսումնասիրվել են տարբեր երկրների աստիճանաշնորհման կարգերը, և անհրաժեշտություն կա փոփոխություններ անելու՝ սկսած որակական չափանիշներից: Առաջարկվում է առաջատար կազմակերպության փոխարեն գիտական աստիճանի հայցման ատենախոսության համար ևս մեկ ընդդիմախոս դիտարկել: «Որակական պահանջների համար առանցքային է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը». այդ շրջանակում նախատեսվում է ունենալ առնվազն 4 բուհ, որոնք ընդգրկված կլինեն աշխարհի բուհերի լավագույն 500-յակում: Դրա առաջին նախապայմաններից է միջազգային չափանիշներին համապատասխան հոդվածներ ու ծրագրեր ունենալը: Կարևոր է, որ գիտական աստիճան հայցողները տպագրվեն ոչ միայն տեղական, այլև միջազգայնորեն ճանաչված գիտատեղեկատվական պարբերականներում, որպեսզի գիտությամբ զբաղվողները մրցունակ լինեն աշխարհում»,- ընդգծել է Կարեն Քեռյանը: Նա տեղեկացրել է, որ բնական գիտությունների ոլորտում գիտությունների թեկնածուի աստիճան հայցողների 60-70 տոկոսը միջազգային հրապարակումներ ունի, այնինչ հումանիտար և հասարակագիտական ոլորտում այն կազմում է ընդամենը 2-4 տոկոս: Հնարավորություն կստեղծվի արտերկրից ունենալու համաղեկավար, ապահովելու Հայաստանի և օտարերկրյա գիտնականների համագործակցության ակտիվ դաշտ: Այս պահին գիտությունների թեկնածուի հայցման համար կա 2 հնարավորություն. 6 հոդված ԲՈԿ-ի ընդունելի տեղական պարբերականներում կամ 3 հոդված, որից մեկը՝ պարտադիր միջազգայնորեն ճանաչված գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականում: «Պահանջելու ենք ոչ թե 6 կամ 3 հոդված, այլ 3 հոդված, որից մեկը՝ միջազգային գիտական շտեմարաններից որևէ մեկում: Այդ պահանջը կվերաբերի նաև գիտական ղեկավարին, մասնագիտական խորհրդի անդամներին: Պետք է նախապատրաստել գիտական հանրությանն այդ փոփոխություններին: Գիտության ֆինանսավորումը կրկնակի շատացել է, ինչը հնարավորություն է, որը պետք է նպատակային օգտագործվի և շոշափելի արդյունքներ գրանցի»,- ասել է Կարեն Քեռյանը: Նրա գնահատմամբ՝ նշաձողը պետք է բարձրացվի: Հայաստանյան 100 պարբերականից 5-ն է միայն գրանցված Web of Science-ում, և այս ցուցանիշը պետք է բարելավվի: Աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծը շուտով հանրային քննարկման կդրվի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |