ՏՏ ոլորտին 10 մլրդ դրամի պետաջակցություն կտրամադրվի

ՏՏ ոլորտին 10 մլրդ դրամի պետաջակցություն կտրամադրվի

PanARMENIAN.Net - Կառավարությունը որոշել է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին։ Տրամադրվող պետաջակցության չափը ոլորտին նախնական գնահատմամբ կազմում է 10 մլրդ դրամ, ինչը հնարավորություն կտա պահպանել աշխատատեղերը և պահպանել աշխատակիցների աշխատավարձերը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ պետական աջակցություն կտրամադրվի ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022-ի հունիսից հոկտեմբեր իրենց աշխատակիցներին տրվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի։

«Նախագծի նպատակն է նաև ժամանակային հնարավորություն տալ ոլորտի կազմակերպություններին` իրենց բիզնես մոդելի վերափոխման, գործող պայմաններին հարմարվելու, ինչպես նաև ՏՏ ոլորտի համաշխարհային բարդույթներին դիմակայելու համար»,–ասել է նախարարը։

Հիմնավորման համաձայն՝ ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մեծ մասն իր եկամուտները ստանում է արտերկրից՝ արտարժույթով, և այն, որ ներկայումս ԱՄՆ դոլարի և եվրոյի արժեզրկման արդյունքում համապատասխան ծավալով կրճատվել են տեղական ընկերությունների ֆինանսական մուտքերը, խոչընդոտ է հանդիսացել կազմակերպությունների բնականոն զարգացմանն ու առաջխաղացմանը։ Աջակցության տրամադրումը խթան կհանդիսանա կազմակերպությունների զարգացման համար, հնարավորություն ընձեռելով պահպանել առկա աշխատատեղերը՝ միաժամանակ չկրճատելով աշխատակիցների աշխատավարձերը:

Ավելի վաղ ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները հայտարարել էին, որ դեռևս 5 ամիս առաջ են բարձրաձայնել դոլարի արժեզրկման հետևանքով ոլորտում առաջացած խնդիրների մասին, սակայն կառավարությունը մինչ օրս ոչինչ չի ձեռնարկել: Նրանք տեղեկացրել էին, որ մշակվել է մի նախագիծ, համաձայն որի նախատեսվել է ՏՏ ընկերություններին փոխհատուցել եկամտահարկի վերադարձով՝ այս տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար, սակայն նախագիծն այդպես էլ կառավարության նիստ չի մտել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---