15:00-ից Հրապարակ տանող փողոցները փակ են լինելու

15:00-ից  Հրապարակ տանող փողոցները փակ են լինելու

PanARMENIAN.Net - «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին, ժամը 15․00-ից մինչև միջոցառման ավարտը, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։

Մասնավորապես, փակ կլինի Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։

Դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի օրերին, ժամը 12․00-ից սկսած, ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին։

Քանի որ դեկտեմբերի 10-ին և 11-ին արգելվելու է մեքենաների կայանումը Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, «Մանկական եվրատեսիլի» հանդիսատեսին ու այցելուներին կթույլատրվի իրենց մեքենաները կայանել Բրազիլիայի հրապարակում և հարակից ավտոկայանատեղիներում։

Ինչպես Բրազիլիայի հրապարակից, այնպես էլ Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի շրջակայքից, ավտոբուսները, անվճար երթուղիով, երգի միջազգային մրցույթի այցելուներին կտեղափոխեն Մարզահամերգային համալիր։

Եվ Հանրապետության հրապարակում, և Մարզահամերգային համալիրում ոստիկանությունը մետաղաորսիչների միջոցով ստուգելու է քաղաքացիներին և նրանց իրերը։

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում՝ դեկտեմբերի 11-ին, իսկ դեկտեմբերի 5-ին տեղի կունենան «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողությունները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---