Փրայս․ Կենտրոնացած ենք ՀՀ ու Ադրբեջանի միջև լարվածության թուլացման վրա![]() 13 դեկտեմբերի 2022 - 12:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ամենօրյա ասուլիսի ընթացքում պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը հետևում է Լաչինի միջանքի շուրջ ստեղծված կացությանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այս հարցի շուրջ ունեցած վերջին զրույցներին հայկական և ադրբեջանական կողմերի հետ: Իր խոսքում Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է զարգացումներին՝ շեշտելով, որ ամերիկյան կողմը հետևողականորեն կենտրոնացած է ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածության թուլացման անհրաժեշտության վրա, գրում է «Ամերիկայի ձայնը»։ «Մենք հետևողականորեն կենտրոնացած ենք այս մարտահրավերի, լարվածության թուլացման, կայուն, համապարփակ կարգավորման ճանապարհին այս երկու երկիրը կանգնեցնելու անհրաժեշտության վրա: Այստեղ՝ Վաշինգտոնում կազմակերպեցինք այս երկու երկրի հանդիպումն արտաքին գործերի նախարարների մակարդակով: Նույնն արեցինք Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում: Բացի այդ, մեր ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ակտիվորեն ներգրավված է երկխոսության մեջ երկու երկրի պաշտոնյաների հետ՝ համոզված լինելու համար, որ անում ենք ամենը, ինչ կարող ենք, և ամենակարևորը, որ այս երկու երկիրն ամեն ինչ անում են, որպեսզի այդ լարվածությունը նվազի»,- ասել է Նեդ Փրայսը: Դեկտեմբերի 12-ին` ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։ Սակայն, տեղում, հանքի աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։ Դեկտեմբերի 3–ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Միջադեպի մասին տեղեկացվել էին ռուս խաղաղապահները։ Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո նրանց միջնորդությամբ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվեց։ Photo. AP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |