Վարդանյան․ Այնպես չէ, որ սովից մահանալու ենք, բայց պայմանները շատ ծանր են` կդիմանանք

Վարդանյան․ Այնպես չէ, որ սովից մահանալու ենք, բայց պայմանները շատ ծանր են` կդիմանանք

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, անդրադառնալով հարցին, թե շրջափակման պայմաններում որքան կբավականացնեն պահուստները, ասել է, որ թեև պայմանները շատ ծանր են, իրենք կդիմանան, տեղեկացնում է News.am-ը։

«Մենք կդիմանանք: Դեղերի հարցն ինչ-որ ձևով լուծում ենք, այնպես չէ, որ սովից մահանալու ենք, բայց պայմանները շատ ծանր են: Այս վիճակը կարող է երկար շարունակվել: Մենք դրան պատրաստվում ենք»,-ասել է նա։

Վարդանյանը հավելել է, որ Արցախում մարդիկ հասկանում են՝ ինչի համար են պայքարում, դիմանում այս դժվարություններին, ինչի համար իրենց շնորհակալ է:

«Մենք արդեն օգտագործում ենք պահուստային ֆոնդը, եթե նայեք խանութների լուսանկարները, կտեսնեք, որ համարյա ապրանք չկա: Մարդիկ ինքնուրույն, առանց մեր որոշումների, ապրանքները վաճառում են մեկ կիլոգրամի չափով, ոչ ավելի: Ողջունելի է, որ մարդկանց 95 տոկոսի մոտ հասկացողությունը կա, որ այս իրավիճակում պետք է համեստ իրենց պահեն: Մենք բոլորս մի նավի մեջ ենք»,-ասել է նա:

Անդրադառնալով նրան, որ միջազգային հանրությունը բավարար ուշադրություն չի դարձնում Արցախում ստեղծված իրավիճակին՝ Վարդանյանն ասել է. «Եթե մենք ուժեղ լինենք, մեր մեջ կամքը ոչ ոք չկարողանա ջարդել, դա հնարավորություն կտա շատ երկրներում փոխել իրենց մոտեցումն Արցախի վերաբերյալ: Դա միջազգային հարցերից մեկն է դառնալու: Այդ հարցը միջազգային հարթակներում հնչելու է ավելի բարձրաձայն, եթե մենք մեր ուժը, միասնությունը կարողանանք ցույց տալ»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---