«Վորլդ Վիժն Հայաստանը» կոչ է արել անմիջապես դադարեցնել Արցախի շրջափակումը

«Վորլդ Վիժն Հայաստանը» կոչ է արել անմիջապես դադարեցնել Արցախի շրջափակումը

PanARMENIAN.Net - «Վորլդ Վիժն Հայաստանը», որպես երեխաների իրավունքների պաշտպանության կազմակերպություն, վերահաս հումանիտար աղետը կանխելու և Արցախում ապրող մարդկանց և հատկապես երեխաների իրավունքները երաշխավորելու հիմնավորմամբ, կոչ է արել անմիջապես դադարեցնել Արցախի շրջափակումն ու վերականգնել մարդկանց հիմնարար իրավունքները։

Հայտարարության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը բնապահպանական պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը` Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120,000 բնակչությունը, որից 30,000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ։ Ավելին, 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունեն ավելի քան մեկ ամիս է։

«Շրջափակման արդյունքում դադարել է Հայաստանից Արցախ սննդի, դեղորայքի և կենսական անհրաժեշտություն ունեցող պարագաների մատակարարումը։ Ժամանակ առ ժամանակ ընդհատվել են ձմեռային եղանակային պայմաններում ծայրահեղ անհրաժեշտ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները:

Արդյունքում կաթվածահար է եղել առողջապահական, կրթական, և այլ հաստատությունների և կենսական ծառայությունների լիարժեք գործունեությունը։ Ամբողջությամբ կասեցվել է դպրոցների, նախակրթարանների և այլ կրթական հաստատությունների աշխատանքը։ Իրավիճակը ճգնաժամային է: Դրությունը, սակայն, մարդասիրական աղետ լինելուց բացի, ուղղակիորեն առնչվում է Արցախում բնակվող մարդկանց հիմնարար իրավունքներին և ազատություններին։ Խախտվում են նրանց ազատ տեղաշարժի, սոցիալական պաշտպանության՝ այդ թվում կրթության և առողջապահության իրավունքները, վտանգվում՝ կյանքի, ազատության և անվտանգային իրավունքները։ Մարդու իրավունքների՝ նման կոպտագույն խախտումները վտանգում են Արցախում ապրող երեխաների առողջությունը և կյանքի իրավունքը ու խաթարում նրանց բարեկեցությունը:

«Վորլդ Վիժն Հայաստանը» պատրաստակամ է շարունակելու իր հնարավորությունները ներդնել ստեղծված իրավիճակից տուժած երեխաների և նրանց ընտանիքների խնդիրները լուծելու ուղղությամբ և՛ այսօր, և՛ իրավիճակի հանգուցալուծումից անմիջապես հետո»,-ասվում է հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել է ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---