Ֆրանսիայում ՀՅԴ-ականները փակել են ԱԳՆ շենքի մուտքը, Վաշինգտոնում՝ Ադրբեջանի դեսպանատան փողոցը

Ֆրանսիայում ՀՅԴ-ականները փակել են ԱԳՆ շենքի մուտքը, Վաշինգտոնում՝ Ադրբեջանի դեսպանատան փողոցը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում ՀՅԴ երիտասարդներն արգելափակել են Ֆրանսիայի ԱԳՆ շենքի մուտքը, Վաշինգտոնում՝ ՀՅԴ երիտասարդականի կազմակերպած ցույցի մասնակիցները արգելափակել են Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատուն տանող փողոցը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։

«Երկու տեղում էլ պահանջը մեկն է` բացել Հայաստանն Արցախի հետ կապող միակ ճանապարը»,- ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---