Միրզոյան․ Բանակցությունները երբեք չեն դադարեցվել՝ գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է![]() 20 հունվարի 2023 - 18:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ բանակցությունները երբեք չի դադարեցրել: «Անկախ Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի գործողություններից և մոսկովյան հանդիպման հետաձգումից՝ մենք ավելի քան մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմին ենք փոխանցել պայմանագրի նախագծի վերաբերյալ մեր նոր առաջարկները և դրանց հիմնավորումները, բայց դեռևս արձագանք չենք ստացել: Այսպիսով, գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է»,-ասել է նա։ Նա հավելել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Հայաստանը կառուցողական և բարեխիղճ մոտեցում է ցուցաբերում բանակցային գործընթացին, քանի որ հայկական կողմի վերջնանպատակը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումն է: «Մենք նաև ականջալուր ենք միջազգային հանրության հորդորներին և պատրաստ ենք ավելի ինտենսիվ բանակցել»,-ասել է նա։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Երևանը մերժել է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը՝ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսության զարգացման հարցում: «Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե` Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում: Այժմ շրջանառվում է Հայաստանի ու Վրաստանի վարչապետերի և Ադրբեջանի նախագահի հանդիպման գաղափարը: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել և այժմ էլ պատրաստ է նման հանդիպմանը, սակայն համաձայնեք՝ այդպիսի հանդիպումն առանձնապես արդյունավետ և խոստումնալից չի թվում, երբ հնարավոր չի լինում համաձայնեցնել անգամ ատելության խոսքի և թշնամանքի վերացման վերաբերյալ հանձնառություն արտահայտող մի պարզագույն համատեղ հայտարարություն»․-ասել է ԱԳ նախարարը։ Խոսելով տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացի վերաբերյալ՝ Միրզոյանն ասել է, որ միակ ու հիմնական խոչընդոտն Ադրբեջանի կողմից առաջ քաշվող արտատարածքային միջանցքի անհիմն պահանջն է: Վերջերս նաև Թուրքիայի ԱԳ նախարարը հույս էր հայտնել, որ Հայաստանը կներգրավվի արևելք-արևմուտք տարածաշրջանային մեխանիզմներին՝ համագործակցելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հետ: «Հայաստանը միանշանակ շահագրգռված է թե՛ տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակմամբ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված սկզբունքներին համաձայն, թե՛ ավելի մեծ տրանսպորտային նախագծերի մաս կազմելու մեջ: Տեղյակ եք հավանաբար, որ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք մեխանիզմների համադրմամբ ՀՀ կառավարության կողմից առաջ է քաշվել «Հայկական խաչմերուկ» նախագիծը: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ մեր առաջարկներն ուժի մեջ են, և մենք այն կարող ենք իրագործել ցանկացած պահի՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության ու ազգային օրենսդրության պահպանման շրջանակներում: Ըստ էության, այստեղ միակ ու հիմնական խոչընդոտն Ադրբեջանի կողմից առաջ քաշվող արտատարածքային միջանցքի անհիմն պահանջն է»․-ասել է Միրզոյանը։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է բանակցել Հայաստանի հետ։ Ավելի վաղ հայկական կողմը հրաժարվել էր Մոսկվայում կայանալիք ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելուց Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակի պատճառով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |