Տոնոյանը կմնա կալանքի տակ․ Դատարանը մերժել է միջնորդությունը

Տոնոյանը կմնա կալանքի տակ․ Դատարանը մերժել է միջնորդությունը

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված։ Այդ մասին հայտնել է փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով կամ անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով միջնորդությունը մերժելու որոշման դեմ հատուկ վերանայման բողոքը:

Պաշտպանները որոշման դեմ պատրաստվում են վճռաբեկ դատարան բողոք ներկայացնել։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

Ըստ նախաքննական մարմնի՝ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ընդ որում՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 դրամին համարժեք, 4,655,200 դոլար գումարի հափշտակություն։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---