Գլխավոր դատախազ․ Խաչատուրովի մասով քննություն ունենք անելու

Գլխավոր դատախազ․  Խաչատուրովի մասով քննություն ունենք անելու

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու մասին միջնորդագրի քննարկման ժամանակ ասել է, որ Օհանյանի գործով քննություն պետք է իրականացվի ՀԱՊԿ նախկին քարտուղար, ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Գրիգորի Խաչատուրովի մասով։

Այդ մասին նա ասել է՝ արձագանքելով Վահագն Ալեքսանյանի հարցին, հայտնում է «Փաստինֆոն»։

Սեյրան Օհանյանին առնչվող գործերից մեկը վերաբերում է զորամասային և հատուկ նշանակության հողատարածքը օտարելուն։ Ըստ գլխավոր դատախազի՝ զորամասերից մեկը օտարվել է Գրիգորի Խաչատուրովին, սակայն ձևակերպվել երրորդ անձի անունով։ Մասնավորապես, գլխավոր դատախազի պնդմամբ, Սեյրան Օհանյանը ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բաժնի պետ Արմեն Հակոբյանին լիազորել է հանդես գալ Պաշտպանության նախարարության անունից, որի հիման վրա, չբացահայտելով իրական գնորդին, 2009-ի հունվարի 13-ին Արդարադատության նախարարության «Կենտրոն» նոտարական գրասենյակում Արմեն Հակոբյանի և ՊՆ զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջև կնքվել է առքուվաճառքի պայմանագիր:

Համաձայն այդ պայմանագրի՝ Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 2 մլն 664 հազար դրամ կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 8 մլն 895 հազար 600 դրամ կադաստրային արժեքով շինությունները (զորամասի շտաբ՝ 252․8 քմ մակերեսով, զորանոց՝ 366․4 քմ մակերեսով, ճաշարան՝ 186՛9 քմ մակերեսով, 630․6 քմ ընդհանուր մակերեսով շինություն, ծածկ, ակումբ, կաթսայատուն, սանհանգույց և հսկիչ անցագրային կետեր), անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 4 մլն դրամով, փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, սակայն պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու ստորաբաժանումում՝ որպես սեփականություն, գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ. այդ կերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելիությունը: Գրիգորի Խաչատուրովը երկու անգամ՝ նախ 2009-ի մայիսի 13-ին, այնուհետև՝ 2016-ի օգոստոսի 16-ին, նշված անշարժ գույքը գրավադրել, վերջինից ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար՝ մոտ 18 մլնի չափով, և այդ եղանակով օրինականացրել է նշված գումարի հանցավոր ծագումը:

Վարդապետյանը նշել է, որ տեղեկություն չունի, թե ուր է գնացել նշված գումարը և պետք է քննություն իրականացվի՝ Գրիգորի Խաչատուրովի մասով։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ է ներկայացրել ԱԺ։

Ընթերցեք նաև․ Դատախազ. Եթե Օհանյանը ստորագրի վաղեմության ժամկետի տակ, նրա դեմ պատիժ չի կիրառվի

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---