Amnesty International-ի կոչը Բաքվին և խաղաղապահներին` անհապաղ վերացնել Լաչինի շրջափակումը![]() 10 փետրվարի 2023 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին անհապաղ ապաշրջափակել ճանապարհը և վերջ դնել ծավալվող հումանիտար ճգնաժամին։ Նշվում է, որ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը վտանգում է Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդկանց կյանքեր, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ «Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չզրկվվի սննդամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղերի հասանելիությունից: Իր հերթին, ռուսական խաղաղապահ առաքելությանը հանձնառու է ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը։ Սակայն երկու կողմերն էլ ակնհայտորեն չեն կատարում իրենց պարտավորությունները»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ ասված է, որ ըստ Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների, շրջափակման սկզբից ի վեր տարածաշրջան ժամանող մեքենաների թիվը օրական 1200-ից նվազել է մինչև հինգից վեց բեռնատար, որոնք պատկանում են ռուսական խաղաղապահ առաքելությանը և ԿԽՄԿ-ին: «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից անհասանելի է բոլոր քաղաքացիական և առևտրային երթևեկության համար տասնյակ ադրբեջանցի ցուցարարների կողմից փակվելուց հետո, որոնց, ենթադրվում է, լայնորեն աջակցում են երկրի իշխանությունները: Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի մոտ 120,000 էթնիկ հայ բնակիչների թողել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ կյանք փրկող դեղամիջոցների և առողջապահական օգնության»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղում բուժաշխատողների և բնակիչների հետ անցկացված հարցազրույցները ի ցույց են դրել շրջափակման կոշտ ազդեցությունը ռիսկային խմբերի վրա՝ ներառյալ կանանց, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց: «Շրջափակումը հանգեցրել է սննդամթերքի և բժշկական պարագաների խիստ պակասի, քանի որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը բավարար չէ պահանջարկը բավարարելու համար: Էլեկտրաէներգիայի, բնական գազի և տրանսպորտային միջոցների վառելիքի մատակարարման խափանումները ծայրահեղ դժվարություններ են առաջացնում, հատկապես խոցելի խմբերի համար: Պետք է անհապաղ վերջ դրվի դրան», - ասել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը: Շրջափակման հետևանքով առաջացած այլ սարսափելի հետևանքների թվում է կրթության իրավունքի խախտումը, ասված է հայտարարության մեջ։ Բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները, որտեղ հաճախում է շուրջ 27000 երեխա, ժամանակավորապես փակվել են ջեռուցման բացակայության և էլեկտրաէներգիայի պակասի պատճառով։ Չնայած դպրոցները մասամբ վերաբացվեցին 2023 թվականի հունվարի 30-ին, դպրոցական ժամանակը սահմանափակվում է օրական չորս ժամով: Շրջափակման սկզբից ի վեր Լեռնային Ղարաբաղի 1100 բնակիչ մնացել է շրջափակված վիճակում և չի կարողանում տուն վերադառնալ, այդ թվում՝ առնվազն 270 երեխա։ Նրանց տեղավորում են Հայաստանի հյուրանոցներում կամ հարազատների ու կամավորների տներում։ Գազի և բենզինի պակասն ավելի է սրվում Ադրբեջանից գազի մատակարարման հաճախակի խափանումների և էլեկտրաէներգիայի կրճատումներով, որոնք տևում են օրական միջինը վեց ժամ: Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 6-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է գազատարը, փետրվարի 7-ի երեկոյան գազի մատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 8-ին գազի մատակարարումը կրկին դադարեցվել է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |