ԱԽ քարտուղար․ ՌԴ-ին ներկայացրել ենք պատճառները, որոնց համար հրավիրել ենք ԵՄ առաքելությանը![]() 14 փետրվարի 2023 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Հայաստանը ՌԴ գործընկերներին ներկայացրել է այն պատճառները, որոնց համար հրավիրել է ԵՄ առաքելությանը։ Նրա խոսքով` ԵՄ քաղաքացիական առաքելության ժամանումը փոխկապակցված է 2021-2022 թվականներին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետ, գրում է Sputnik Արմենիան։ «Հաշվի առնելով մեր ունեցած փորձը, որ գոյություն ունեցող անվտանգային համակարգերը չեն գործում, Հայաստանը հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությանն անվտանգության որոշակի երաշխիքներ ստեղծելու համար»,- ասել է Գրիգորյանը։ Նա նշել է, որ երաշխիքները միշտ չէ, որ ռազմական են, երբեմն դրանք կարող են ապահովել նույնիսկ տնտեսական հարաբերությունները։ Եվ այս առումով քաղաքացիական առաքելությունը լրացուցիչ երաշխիքներ է ստեղծում։ Խոսելով Մոսկվայի բացասական դիրքորոշման մասին՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ Հայաստանը պարբերաբար քննարկում է Ռուսաստանի հետ բոլոր խնդրահարույց հարցերը։ «Հայաստանը ՌԴ գործընկերների հետ պարբերաբար քննարկում է այն բոլոր խնդիրները, որոնք գոյություն ունեն, և ներկայացնում է հայկական կողմի դիրքորոշումները, թե ինչու են այս կամ այն քայլերը կատարել։ 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, 2022-ի սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից հարձակում եղավ, տարածքներ օկուպացվեցին, և այդ վտանգը շարունակում է մնալ։ Այդ սպառնալիքը չեզոքացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է որոշակի միջազգային երաշխիքներ ստեղծել, որի ուղղությամբ էլ աշխատում ենք»,–ասել է նա։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԵՄ դիտորդների հայտնվելը կարող է աշխարհաքաղաքական առճակատում բերել հարավկովկասյան տարածաշրջան։ Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, թե Եվրամիության գործողություններն ուղղված են Ռուսաստանին ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից հեռացնելուն։ «Կարծում եմ՝ մենք չպետք է խաբվենք «քաղաքացիական առաքելություն» տերմինով։ Առաքելությունն ինքնին Եվրամիության ընդհանուր քաղաքականության վարողն է անվտանգության և պաշտպանության ոլորտում, այլ ոչ թե քաղաքացիական, և հնարավոր է, որ այն վերածվի ռազմական բաղադրիչներով ներկայության, նաև գոյություն ունի հնարավորություն, որ այս առաքելությունը կսկսի ընդլայնվել դեպի Լեռնային Ղարաբաղի տարածք», - ասել է Բոչարնիկովը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |