Փաշինյան․ ՀՀ-ն հանձնառու է ընդլայնելու և խորացնելու Կիպրոսի հետ գործակցությունը![]() 15 փետրվարի 2023 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին պաշտոնում ընտրվելու առթիվ՝ նշելով, որ Հայաստանը հանձնառու է ընդլայնելու և խորացնելու գործակցությունը Կիպրոսի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: «ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Կիպրոսի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Խորապես հավատում եմ, որ Ձեր երկարամյա քաղաքական գործունեությունը և պետական գործչի հարուստ փորձն այն հիմքն են, որով Ձեր՝ նախագահի պատասխանատու պաշտոնավարումը կիրականացնեք մեծ նվիրվածությամբ, անսահման եռանդով և հստակ տեսլականով։ Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա խարսխված հայ-կիպրական առանձնահատուկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ հիմնված ընդհանուր արժեքների և մոտեցումների վրա: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, Կիպրոսի բարձրագույն իշխանություններին և կիպրացի եղբայրական ժողովրդին՝ մեր երկրի համար դժվարին պահերին մշտապես հայ ժողովրդի կողքին լինելու և անվերապահ զորակցության համար: Միջազգային հարաբերություններում առկա խնդիրների շուրջ մեր համահունչ մոտեցումները մեզ դրդում են առավել սերտորեն և համակողմանիորեն զարգացնելու փոխգործակցությունը»,- ասվում է ուղերձում։ Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսը հաղթել է նախագահական ընտրությունների փետրվարի 12-ին տեղի ունեցած երկրորդ փուլում՝ ստանալով ձայների գրեթե 52 %-ը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |