«Փակ շուկայի» գետնանցումը թեքահարթակ չունի․ Քաղաքապետարանից պարզաբանել են՝ ինչու

«Փակ շուկայի» գետնանցումը թեքահարթակ չունի․ Քաղաքապետարանից պարզաբանել են՝  ինչու

PanARMENIAN.Net - ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ փետրվարի 16-ին Երևանի կենտրոնում մեծ շուքով բացված «Փակ շուկայի» գետնանցումը չունի թեքահարթակ:

«Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը 4 հոգով կարմիր ժապավենը կտրելուց հետո ավետեց. «Փակ շուկայի» գետնանցումը մի փոքր ուշացումով, բայց հիմնովին վերանորոգված հանձնեցինք շահագործման և երևանցիների գնահատականին»:

Բայց նորոգման արդյունքում ոչ միայն օրինազանցություն է գրանցվել, այլև մարդու իրավունքների ակնհայտ խախտում. ինչպե՞ս պետք է սահմանափակ կարողություններով մարդիկ, մանկասայլակով անցորդները օգտվեն գետնանցումից... Այնպես որ, գնահատականը՝ անբավարար, այս ստուգարքն էլ չհանձնեցիք, Տիգրան Ավինյան»,-ասվում է պատգամավորի գրառման մեջ։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը պարզաբանել է պատճառը՝ աստիճանավանդակի թեքությունն այնքան մեծ է, որ ձևական կարելի էր այդտեղ թեքահարթակ սարքել, բայց բովանդակային իմաստով դա անօգուտ էր լինելու, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ դրանից օգտնվել ուղղակի չէին կարող։ Բացի այդ, գետնանցումից 50 մետր այն կողմ կա անցում։ Չնայած դրան, Երևանի քաղքապետարանը խնդիրներ է դրել ապագա վարձակալի առաջ, որոնցից առաջինը վերաբերում է թեքահարթակի բացակայությանը։ Պետք է սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար տեղադրվի և շահագործվի հատուկ վերելակ»,–ասել է Սարդարյանը։

Երևանի Մաշտոցի պողոտայում «Փակ շուկայի» դիմացի գետնանցումը բացվել է փետրվարի 16-ին։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ գետնանցումը շահագործման կհանձնվի 2022-ի դեկտեմբերին։ Նորոգումը սկսվել էր 2022-ի սեպտեմբերին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---