Արշակյանն ու Հնդկաստանի խորհրդարանի խոսնակը կարևորել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը![]() 3 մարտի 2023 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը Նյու Դելիում «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ առանձնահատուկ նշանակություն է տալիս Հայաստանի և Հնդկաստանի միջև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովում իր գլխավորությամբ գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը և շեշտել, որ հիանալի կլիներ նաև Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը Հնդկաստանի խորհրդարանում, ինչը մեծ հնարավորություն կստեղծի ակտիվ և սերտ համագործակցության համար: Արշակյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիային, առ այն, որ այդ երկիրը կոպտորեն խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները և փակել Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: 120.000 հայերի անվտանգությունը հայտնվել է ուղիղ սպառնալիքի ներքո, խաթարվել է պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, էներգակիրների մատակարարումն Արցախ: Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում ընդգծվում է, որ ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից և կարևորում է հնդկական կողմի հնչեցրած դատապարտումն անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ: ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ապօրինի ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք: Օմ Բիրլան, ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակությանը, նշել է, որ կարևորում է երկու խորհրդարանների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացումը և ընդգծել, որ նման այցերն ու երկկողմ շփումները խթանում են համագործակցությունն ու նպաստում տարբեր ձևաչափերով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Հնդկաստանի խորհրդարանի խոսնակն առկա մարտահրավերների հաղթահարման հարցում իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին: Նշվել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտուր, տրանսպորտ և կապ, պաշտպանություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, մշակույթ, գիտություն և կրթություն, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և այլն: Հանդիպման ավարտին Հնդկաստանի խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել, որ կհյուրընկալի Հայաստանի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը Նյու Դելիում: Հակոբ Արշակյանը Հնդկաստանի օրենսդիր մարմնի խոսնակին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի հրավերը` այցելելու Հայաստան: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամներ Արեն Մկրտչյանը և Ծովինար Վարդանյանը, Հնդկաստանում ՀՀ դեսպան Յուրի Բաբախանյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |