ՀՀ և Եգիպտոսի ԱԳ նախարարները տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել![]() 10 մարտի 2023 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգայի խորհրդի նախարարական նիստին հրավիրված ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում հանդիպում է ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ՝ անդրադարձել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Եգիպտոսի ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ: Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ հունվարին Եգիպտոսի նախագահի պատմական այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության ընդլայնման համար: Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերը և վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից լարվածության սրումը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը՝ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները: Անդրադառնալով արաբական աշխարհի երկրների հետ Հայաստանի ավանդական բարեկամական հարաբերություններին՝ Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումներն ու անհիմն փորձերը, որոնք նպատակ են հետապնդում կրոնական երանգ հաղորդել բացառապես քաղաքական ու հումանիտար խնդիրներին և մոլորեցնել միջազգային հանրությանը: Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության պահպանման և շահագրգիռ դերակատարների կառուցողական ներգրավվածության կարևորությունը: Միրզոյանը եգիպտացի գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը: Արարատ Միրզոյանը և Սամեհ Շուքրին մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարների շուրջ: Այս առումով կարևորվել է հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ՝ 6-րդ նիստի անցկացումը և գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) խորհրդի նախարարական մակարդակով 159-րդ նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար մանիպուլացնում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգային տարբեր հարթակներում՝ հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը՝ փորձելով դրանց տալ կրոնական երանգ և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |