Լավրովը՝ Լաչինի մասին․ Եռակողմ հայտարարությունները պետք է իրագործվեն ամբողջ ծավալով՝ առանց իմպրովիզների

Լավրովը՝ Լաչինի մասին․ Եռակողմ հայտարարությունները պետք է իրագործվեն ամբողջ ծավալով՝ առանց իմպրովիզների

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում, անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակին, հայտարարել է, որ ՌԴ-ն հանդես է գալիս բոլոր եռակողմ հայտարարություններն ամբողջ ծավալով իրագործելու օգտին և Լաչինի թեման պետք է դիտարկել խստիվ այդ համատեքստում։

«Մենք կողմ ենք, որ խստորեն, ամբողջ ծավալով, առանց իմպրովիզների, կատարվեն բոլոր եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ՌԴ և Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի միջև։ Նախևառաջ, այն պայմանավորվածությունը, որը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9 լույս 10-ի գիշերը։ Եվ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկվի բացառապես այդ համատեքստում»,- ասել է Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը նաև հույս է հայտնել, որ հակամարտության կողմերն ընկալում են Լաչինի միջանցքի շուրջ խնդրին առնչվող բոլոր պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։

«Այնտեղ յուրաքանչյուր կողմ իր պարտավորություն ունի»,- հավելել է Լավրովը։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---