Զախարովա․ ՌԴ-ն մտահոգված է միջադեպերի աճով ԼՂ-ում

Զախարովա․ ՌԴ-ն մտահոգված է միջադեպերի աճով ԼՂ-ում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Մոսկվային մտահոգում է միջադեպրի աճը Լեռնային Ղարաբաղում և փոխզիջումներ որոնելու կողմերի անպատրաստությունը։

«Մենք իսկապես մտահոգված ենք թշնամական հռետորաբանությամբ և միջադեպերի թվի աճով Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում փոխզիջումներ որոնելու կողմերի անպատրաստությամբ։ Ելնում ենք նրանից, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, դրանում մենք հաստատակամ ենք և վերահաստատում ենք մեր դիրքորոշումը»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Զախարովան հավելել է, որ ՌԴ-ն զսպվածության կոչ է անում կողմերին իրենց հայտարարություններում և գործողություններում։

Ռուսաստանը հանդես է գալիս հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման օգտին` բոլոր ուղղություններով, այդ թվում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման շուրջ։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---