Ավագանու անդամ․ Կասկադում ոչ մի ծառ չի հատվի՝ ծրագիրը չեղարկվել է

Ավագանու անդամ․ Կասկադում ոչ մի ծառ չի հատվի՝ ծրագիրը չեղարկվել է

PanARMENIAN.Net - Բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը, անդրադառնալով քաղաքապետարանի կողմից հաստաբուն ծառերի հատմանը Կասկադի հարակից տարածքում, ասել է, որ Երևանում ծառերի փոխարինման խնդիր իսկապես կա, բայց այդ գործընթացն այս մեթոդաբանությամբ չի կարելի իրականացնել։

Նա ասել է, որ Կասկադում ծառերի հատման ծրագիրը կասեցվել է՝ ընտրված ծառատեսակները ոչ Կասկադի համար են հարմար, ոչ էլ Մոսկովյան փողոցի, քանի որ դրանք գաճաճ, փոքրիկ տեսակներ են, և քաղաքի համար որևէ լուրջ խնդիր չեն լուծում, տեղեկացնում է Panorama.am-ը։

«Քաղաքացիների կողմից ահազանգ ստացա առ այն, որ Կասկադի հատվածում հատվում են խոշոր ծառեր։ Ընկերներիս հետ իջանք Կասկադ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում»,- պատմել է Վարդանյանը։

Նրա պնդմամբ՝ չի կարելի այս կերպ ծառերի փոխարինման աշխատանքներ տանել։

«Մենք մինչև գնացինք, ծառերն արդեն հատվել էին, թեև ամսի 26-ին էր հայտարարված ծառահատման օր։ Մի քանի օր առաջ պաշտոնական գրությամբ դիմել էի քաղաքապետին, որ ամբողջական ծրագիրը տան՝ գիտական հիմնավորումներով, որպեսզի հասկանամ՝ որտեղ ինչ ծառեր են։ Հատված ծառերի բներին կոնկրետ վնասումներ միայն մեկի մոտ նկատեցի։ Հնարավոր է՝ ծառի վերևի հատվածում են եղել խնդիրները, ես այդ ամենը պնդել հիմա չեմ կարող, որովհետև չունեմ ծառահատման տոմսերի բովանդակությունը։ ՀՈԱԿ-ի տնօրենի հետ քայլեցինք ամբողջ Կասկադով, մեր բանակցությունների արդյունքում, նաև միջազգային կառույցի փորձագետի հրավիրեցինք, այդտեղ չկար գեթ մեկ ծառ, որը հատման ենթակա է, ծրագիրը չեղարկվեց։ Կասկադում ոչ մի ծառ չի հատվելու։ Մյուս մասով էլ՝ ծառատեսակների փոփոխություն տեղի կունենա»,-տեղեկացրել է Վարդանյանը։

Նա պնդում է՝ ծառերի նկատմամբ սխալ մոտեցում է ցուցաբերվել։

«Այս ծրագիրը պետք է անցնի հանրային լսումների փուլը և քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան լսելու և կարծիք հայտնելու»,- հավելել է նա։

Ավելի վաղ՝ Վարդանյանն իր էջում տեղեկացրել էր, որ պատրաստվում է գնալ Կասկադ՝ Երևանի ծառահատումների խնդրի հետ կապված բողոքի նոտա արտահայտելու։

Մարտի 23-ին Երևանի քաղաքապետարանը, արձագանքելով Երևանի կենտրոնում ծառերի հատման առնչությամբ հանրության դժգոհություններին, հայտնել է, որ Կասկադի հարակից տարածքում հատվում են անկենսունակ ծառերը։ Նշվում էր, որ հատված ծառերը փոխարինվելու են «առավել արժեքավոր և գեղատեսիլ ծառերով»։ Նշված էր նաև, որ «հաշվի առնելով Երևանում մեկնարկած ծառերի փոխարինման գործընթացի նկատմամբ հանրային անհանգստությունը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Կասկադի տարածքում է։

Հանրության շրջանում և սոցցանցերում մեծ դժգոհություն է բարձրացել, քանի որ հատվել են հաստաբուն ծառեր։ Օգտատերերից շատերը նշել էին, որ հատված ծառերն արդեն բողբոջել էին։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---