ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մոտ 70 անդամ կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մոտ 70 անդամ կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 69 անդամ՝ երկու կուսակցությունից, հերթական անգամ հանդես են եկել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու կոչով։ Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ։

Նաև կոչ է արվում Արցախին ու Հայաստանին 150 միլիոն դոլարի օգնություն ուղարկել: Նախաձեռնությունը ղեկավարում է Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը, գրում է Արմենպրեսը։

Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել Պետական արտաքին գործառնությունների գծով հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս Բալարտին և ենթահանձնաժողովի բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, որոնք արդեն սկսել են 2024-ի ֆինանսական տարվա արտաքին օգնության մասին օրինագծի՝ Ներկայացուցիչների պալատի տարբերակի մշակումը:

«ԱՄՆ-ի շարունակական ռազմական օգնությունն Ադրբեջանին իրենից ներկայացնում է «անցաթուղթ» ադրբեջանական ագրեսիայի, կանաչ լույս ադրբեջանական էսկալացիայի համար: Դա պետք է դադարեր նախագահ Բայդենի պաշտոնավարության հենց առաջին օրը. նա պաշտոնը ստանձնեց՝ որպես Ալիևին զինելու և օգնելու սուր քննադատ: Բայց եթե մեր նախագահը չանի այն, ինչը ճիշտ է, ապա Կոնգրեսը պետք է գործի», - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Արամ Համբարյանը։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---