Ռասմուսեն․ Միջազգային հանրության առաջնահերթ խնդիրն է փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչին՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո

Ռասմուսեն․ Միջազգային հանրության առաջնահերթ խնդիրն է փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչին՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ծավալուն հոդված է հրապարակել Project Syndicate-ի կայքէջում՝ խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և տարածաշրջանում առաջիկա զարգացումների մասին։

Նա նշել է, որ միջազգային հանրության առաջնահերթ խնդիրն է փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո՝ հավելելով, որ, ակնհայտորեն խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում և կրկին սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով, հայտնում է Արմենպրեսը։

«Քանի որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրամիությունը պետք է ավելի կարևոր դեր ստանձնի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում: Մեր ամբողջ ուշադրությունն արդարացիորեն կենտրոնացած է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի վրա։ Բայց դա արդարացում չէ անտեսելու ևս մեկ ճգնաժամ, որը հասունանում է Եվրոպայի դռան շեմին»,- նշել է Ռասմուսենը։

Ըստ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կրկին աճում է, ինչը մեծացնում է նոր պատերազմի հավանականությունը։

«Անցյալ շաբաթ ես այցելեցի Լաչինի միջանցք ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությանը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերից բնապահպանական բողոքի պատրվակով ադրբեջանցիները արգելափակել են միջանցքը։ Այդ գործընթացը տեղի է ունենում Բաքվի ռեժիմի բացահայտ աջակցությամբ։ Amnesty International-ը զգուշացնում է, որ այն պատճառով, որ «ցուցարարները» արգելափակում են Լեռնային Ղարաբաղ բոլոր քաղաքացիական և առ7տրային փոխադրումները, մոտ 120 հազար էթնիկ հայեր զրկված են հիմնական ապրանքներից և ծառայություններից, ներառյալ կենսական նշանակության դեղամիջոցներն ու բժշկական սպասարկումը»,- ասել է Ռասմուսենը։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմին վերջ դրած հրադադարի հայտարարությամբ՝ Ադրբեջանը պարտավորվել է ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհով:

«Ընդունելով, որ Ադրբեջանը խախտում է իր պարտավորությունները ՝ հրաժարվելով վերացնել շրջափակումը, ՄԱԿ-ի Միջազգային դատարանը փետրվարի 22-ին որոշում է հրապարակել, որով Ադրբեջանից պահանջում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջանցքի ապաշրջափակման համար: Բայց անցավ մեկ ամիս, և ոչինչ չփոխվեց։ Անգործության էին մատնված նաև միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք պետք է պահպանեին երթուղին։

Եթե Եվրոպան և ամբողջ միջազգային հանրությունը ճնշում չգործադրեն Ադրբեջանի վրա շրջափակումը վերացնելու համար, ներկայիս հումանիտար ճգնաժամը կարող է վերածվել հումանիտար աղետի»,- ընդգծել է Ռասմուսենը։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի կարծիքով՝ Ադրբեջանն օգտագործում է շրջափակումը և այլ միջոցներ ՝ Լեռնային Ղարաբաղը «խեղդելու» համար։

«Բնակիչներին հաճախ թույլ չեն տալիս վերադառնալ իրենց տները, իսկ գազն ու էլեկտրաէներգիան պարբերաբար անջատվում են ՝ առանց նախազգուշացման և բացատրության: Այս ամենի նպատակն ակնհայտորեն հայ բնակչության կյանքն առավելագույնս բարդացնելն է, և մոտալուտ էթնիկ զտման լուրջ վտանգ կա։ Մենք չպետք է հեռացնենք մեր հայացքը այն ամենից, ինչ տեղի է ունենում այնտեղ»,- շեշտել է Ռասմուսենը։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի խոսքով՝ իր հերթին, ադրբեջանական ռեժիմը (և նրա առցանց թրոլները) շարունակում են նսեմացնել շրջափակման կամ նույնիսկ դրա գոյության հետևանքները:

Ռասմուսենն առաջնային խնդիր է համարում Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո փաստահավաք առաքելություն ուղարկելը։

«Ադրբեջանը նաև հրաժարվում է միջազգային դիտորդներին հնարավորություն ընձեռել իրավիճակը գնահատելու համար:

Այսպիսով, միջազգային հանրության առաջնային խնդիրը ՄԱԿ-ի կամ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո փաստահավաք առաքելության ուղարկելն է: Մենք պետք է հստակ հասկացնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կբախվի հետևանքների հետ, եթե շարունակի անտեսել միջազգային դատարանի պարտավորեցնող վճիռը:

2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը հստակ ցույց տվեց, որ Ադրբեջանը զգալի ռազմական առավելություն ունի Հայաստանի նկատմամբ ՝ շնորհիվ այն զենքի, որը նա ձեռք էր բերում Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից: Այս փաստը հաստատվեց անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը զավթեց տարածքներ հենց Հայաստանում, այդ թվում՝ ռազմավարական դիրքեր Ջերմուկ քաղաքի մոտ, ընդամենը երկու օր վերսկսված մարտերից հետո։

Չնայած Հայաստանը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, տարածաշրջանային դաշինք, որը Ռուսաստանը կապում է հինգ նախկին խորհրդային պետությունների հետ, ոչ մի աջակցություն չեղավ, երբ Հայաստանն օգնություն խնդրեց իր ինքնիշխան տարածքի վրա հարձակման ժամանակ։ Նա մնաց խոցելի և մենակ։

Ավելի վատ է, որ Ադրբեջանն իր զորքերը թողել է Հայաստանի տարածքում և հրաժարվել է վերադարձնել հայ ռազմագերիներին։ Քանի որ խաղաղ բանակցությունները փակուղի են մտել, ակնհայտ նշաններ կան, որ Ադրբեջանը կարծում է, որ ռազմական միջոցներով կարող է ավելիին հասնել, քան խաղաղ բանակցությունների միջոցով»,- արձանագրել է Ռասմուսենը։

Ըստ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի՝չի կարելի բացառել առաջիկա ամիսներին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման վերսկսումը։

«Քանի որ Հայաստանի անվտանգության ավանդական երաշխավորը ՝ Ռուսաստանը, չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրոպական Միությունը պետք է ավելի կարևոր դեր խաղա տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում: Եվ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ճանաչել են դա, և այդ հարցում զգալի քաղաքական կապիտալ են ներդրել:

Սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է ուղարկել Հայաստան Ադրբեջանի հետ սահմանը դիտարկելու համար: Բայց դեռ շատ բան կա անելու։ ԵՄ առաքելությունը, որը ներկայումս տեղակայված է միայն Հայաստանի տարածքում, պետք է արագ ընդլայնվի ՝ դիտարկելու հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությունը: Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի կառավարության վրա, որպեսզի վերջինս թույլ տա ԵՄ անձնակազմին մուտք գործել Ադրբեջանի տարածք: Իհարկե, ԵՄ անզեն առաքելությունը չի կարողանա կանգնեցնել ռազմական գործողությունները, սակայն դիտորդների ներկայության ավելացումը լրացուցիչ ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի այդ երկիրը բանակցությունները գերադասի ռազմական առճակատումից»,- եզրափակել է Ռասմուսենը։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---