ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանին` վերջինիս զինուժի տեղաշարժերի առիթով

ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանին` վերջինիս զինուժի տեղաշարժերի առիթով

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարությունը լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Բաքվին՝ ադրբեջանական ռազմական վերջին տեղաշարժերի կապակցությամբ:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ ԱՄՆ պետքարտուղարության առաջին փոխխոսնակ Վեդանթ Պատելը հայտնել է, որ պետքարտուղարի տեղակալ Քերին Դոնֆրիդն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել ադրբեջանական ռազմական տեղաշարժերի կապակցությամբ, գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Դոնֆրիդն ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին, քանի որ պետքարտուղարը նույնպես բազմիցս խոսել է այս կապակցությամբ. ուղիղ երկխոսությունն առանցքային է այս խնդրի լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և մենք կշարունակենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներին, ինչպես երկկողմ, այնպես էլ գործընկերների հետ ու բազմակողմ կազմակերպությունների շրջանակում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղաության ներկայացուցիչը:

Մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հատել են Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել բարձունք (Սարիբաբա բարձունքից 2.9 կմ հյուսիս-արևելք) և անցել դիրքի ինժեներական կահավորման։ Ստեփանակերտ-Ղայբալիշեն- Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն։ Նրանք միաժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար վերջիններիս վերադարձը ելման դիրքեր։

Մարտի 27-ին` ժամը 9։00֊ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---