ԱՀ նախագահ․ Պետք է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը

ԱՀ նախագահ․ Պետք է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին հրավիրած Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստում, Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, ասել է, որ պետք է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ամբողջ բարդության ու պատասխանատվության աստիճանը։

Նա նշել է, որ նիստի նպատակն է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում առկա խնդիրների համատեղ քննարկումն ու անհրաժեշտ որոշումների կայացումը:

Խոսելով Ադրբեջանի կողմից 2020-ից ի վեր Եռակողմ հայտարարության դրույթների պարբերաբար խախտման ու 2022թ.-ի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման պայմաններում Արցախի նկատմամբ հումանիտար, սոցիալ-տնտեսական, ռազմական, քաղաքական և հոգեբանական ճնշումների հետևողական մեծացման մասին՝ Հարությունյանը նշել է, որ չնայած հայկական կողմի բազմաթիվ հայտարարություններին և հորդորներին, միջազգային դերակատարները շարունակում են սահմանափակվել դեկլարատիվ հայտարարություններով ու գործողություններով, հետևողական չլինել ընդունված ծանրակշիռ որոշումների կատարման հարցում:

«Հետևաբար, մեր խնդիրն է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ամբողջ բարդության ու պատասխանատվության աստիճանը, վերագնահատել եղած բոլոր ռեսուսներն ու հնարավոր նոր վտանգների զսպող մեխանիզմները և կատարել անհրաժեշտ հետևություններ ու գործողություններ: Վստահ եմ, որ մեր ողջամիտ քայլերի միջոցով հնարավոր է հաղթահարել այս ծանր ժամանակաշրջանը նույնպես՝ պահպանելով ու պաշտպանելով Արցախի Հանրապետության կենսական շահերը»,- ընդգծել է Հարությունյանը:

Նիստում օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:

Մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հատել են Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել բարձունք (Սարիբաբա բարձունքից 2.9 կմ հյուսիս-արևելք) և անցել դիրքի ինժեներական կահավորման։ Ստեփանակերտ-Ղայբալիշեն- Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն։ Նրանք միաժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար վերջիններիս վերադարձը ելման դիրքեր։

Մարտի 27-ին` ժամը 9։00֊ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---