ՀՀ-ն վերապահումով է ստորագրել «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի հռչակագիրը` չաջակցելով Ուկրաինայի մասով կետին30 մարտի 2023 - 10:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունվել է Հռչակագիր, որին Հայաստանը միացել է վերապահումով՝ չաջակցելով Ուկրաինային վերաբերող կետին։ Հայաստանը հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով, որ ՀՀ-ն ձեռնպահ է մնում Ուկրաինային վերաբերող պարբերությունից, քանի որ այն «համապարփակ և ընդգրկուն կերպով չի արտացոլում բոլոր հակամարտությունները և ճգնաժամերը և չի անդրադառնում ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դրսևորման և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին»։ Հայաստանը չի միացել Հռչակագրի հետևյալ կետին․ «Մենք վերահաստատում ենք մեր ամուր վճռականությունը՝ աջակցելու աշխարհի այն երկրներին և ժողովուրդներին, որոնք հավատարիմ են ազատության և ժողովրդավարության արժեքներին՝ ընդդեմ դրանք խարխլելու ուղղակի կամ անուղղակի փորձերի կամ սպառնալիքների: Մենք ընդունում ենք ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, համաձայն որոնց բոլոր պետություններն իրենց միջազգային հարաբերություններում պետք է զերծ մնան ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից և իրենց միջազգային վեճերը կարգավորեն խաղաղ միջոցներով: Մենք ընդունում ենք պետությունների անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածի: Մենք ընդգծում ենք Ուկրաինայում հնարավորինս շուտ համապարփակ, արդար և երկարատև խաղաղության հասնելու անհրաժեշտությունը ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան: Մենք ցավում ենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած մարդու իրավունքների և մարդասիրական սարսափելի հետևանքների համար, ներառյալ ողջ Ուկրաինայում կրիտիկական ենթակառուցվածքների դեմ շարունակական հարձակումները, որոնք ավերիչ հետևանքներ ունեն խաղաղ բնակչության համար, և մեր խորը մտահոգությունն ենք հայտնում քաղաքացիական զոհերի մեծ թվի կապակցությամբ, ներառյալ կանանց և երեխաների, մարդասիրական օգնության կարիք ունեցող ներքին տեղահանված անձանց և փախստականների թվի, ինչպես նաև երեխաների նկատմամբ կատարված խախտումների ու բռնությունների կապակցությամբ: Մենք խորապես մտահոգված ենք համաշխարհային պարենային անվտանգության, էներգետիկայի, միջուկային անվտանգության և ապահովության, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա պատերազմի անբարենպաստ ազդեցությամբ: Մենք պահանջում ենք, որ Ռուսաստանը անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերի իր բոլոր ռազմական ուժերը միջազգայնորեն ճանաչված սահմաններով Ուկրաինայի տարածքից և կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Մենք նաև կոչ ենք անում զինված հակամարտության կողմերին հավատարիմ մնալ միջազգային իրավունքով, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորություններին: Մենք նաև կոչ ենք անում ամբողջությամբ փոխանակել ռազմագերիներին, ազատ արձակել բոլոր ապօրինի ձերբակալվածներին և վերադարձնել բոլոր ներկալվածներին և բռնի տեղափոխված և արտաքսված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաներին։ Մենք վճռականորեն աջակցում ենք Ուկրաինայի տարածքում միջազգային իրավունքով լրջագույն հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելը՝ ազգային կամ միջազգային մակարդակով պատշաճ, արդար և անկախ հետաքննությունների և քրեական հետապնդումների միջոցով, ինչպես նաև բոլոր զոհերի համար արդարադատության ապահովումը և ապագա հանցագործությունների կանխարգելումը»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է գագաթնաժողովի լիագումար նիստի առցանց աշխատանքներին: Փաշինյանն իր ելույթում ասել է, որ Հայաստանը խստորեն դատապարտում է մարդու իրավունքների խախտումներն ամբողջ աշխարհում, և շատ բան պետք է արվի միասին՝ կանխելու ցեղասպանությունները, էթնիկ զտումները և վայրագությունները: «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով ծառացած հումանիտար ճգնաժամը, միանշանակ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է։ Եվ մենք չենք կարող աչք փակել դրա վրա»,-ասել է նա։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |