ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցիներին

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցիներին

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում կալանավորված 2 ադրբեջանցի զինծառայողին։ Այդ մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«ԿԽՄԿ ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել երկու ադրբեջանցիների հետ։ Վերջիններիս Կարմիր խաչի միջոցով հաղորդագրություններ են ուղարկել ընտանիքի անդամներին»,–ասել է Ամատունին։

Ինչ վերաբերում է ադրբեջանցիների առողջական վիճակին կամ էլ նրանց դժգոհություններին ու պահանջներին` Ամատունին նշել է, որ այս բոլոր հարցերը հանրայնորեն չեն կարող մեկնաբանել։ Սակայն բոլոր նման նկատառումները քննարկվում են պահող իշխանությունների հետ կոնֆիդենցիալ կերպով։

Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը Կապան տանող ճանապարհին։ Ավելի ուշ Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Ախունդովին մեղադրանք է առաջադրվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանելու համար։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարել էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Նա հայտնել է, որ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որին ավելի ուշ հայտնաբերել են Կապանում։ Ձերբակալված ադրբեջանցուն հայտնաբերել էին գյուղացիները։

 Ուշագրավ
---