Շիֆը կոչ է արել ԱՄՆ վարչակազմին և Կոնգրեսին աջակցել Արցախի ինքնորոշման իրավունքին![]() 20 ապրիլի 2023 - 19:10 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆն ասել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի աջակցությունն Ադրբեջանի նախագահ Ալիևի վարչակարգին և պատասխանատվության ենթարկի նրան պատերազմական հանցագործությունների համար: Նա նաև կոչ է արել վարչակազմին և Կոնգրեսին աջակցել Արցախի ինքնորոշման իրավունքին, հայտնում է Արմենպրեսը։ Ադամ Շիֆը շեշտել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ Կոնգրեսի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հաղթանակ էր մարդու իրավունքների, ճշմարտության համար: «Մենք պետք է անենք ավելին, քան խոստանանք, որ երբեք չենք մոռանա: Մենք պետք է անենք այնպես, որ դա երբեք չկրկնվի», - ասել է Շիֆը՝ հիշեցնելով Ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի կրած սարսափների մասին: «Հայերին սպառնացող վտանգը չի վերացել: Հայաստանն այսօր էլ դեռ հարձակման տակ է… Վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանի թշնամանքը Հայաստանի և Արցախի դեմ հասել է իր գագաթնակետին: Կարող եմ ասել, որ երբեք այնքան մտահոգված չեմ եղել, որքան այսօր, որ Ադրբեջանը կարող է ևս մեկ լայնածավալ պատերազմ նախատեսել Հայաստանի և Արցախի դեմ», - ասել է Շիֆը՝ հիշատակելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով ստեղված հումանիտար ճգնաժամը: ԱՄՆ կոնգրեսականը նաև նշել է, որ Ադրբեջանի նախագահը ուժեր է կուտակել սահմանին, ինչպես նաև հայտարարել է, որ արցախահայերը չունեն այլընտրանք. նրանք կա՛մ պետք է փախչեն, կա՛մ ապրեն կյանքին սպառնացող պայմաններում: «Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդկության դեմ բռնությունները և հանցագործություններն անպատասխան մնան: Անկախ նրանից՝ դրանք տեղի են ունեցել 108 տարի առաջ թե այս տարի, այս ամիս, այս շաբաթ, մենք պետք է դադարեցնենք ԱՄՆ աջակցությունը Ալիևի վարչակարգին և նրան պատասխանատվության ենթարկենք պատերազմական հանցագործությունների համար: Մենք պետք է խիստ պատժամիջոցներ սահմանենք, որպեսզի նա վերաբացի Լաչինի միջանցքը և ազատի գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Եվ ես կոչ եմ անում վարչակազմին և Կոնգրեսին՝ աջակցել Արցախի ինքնորոշման իրավունքին», - նշել է Ադամ Շիֆը: Photo. Getty Images ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |