Փաշինյան․ Պետական 8 բուհ կունենանք, Ակադեմքաղաքի կառուցման համար կստեղծվի հիմնադրամ![]() 21 ապրիլի 2023 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Ակադեմիական քաղաքի նախագծման, կառուցման ու կառավարման համար կստեղծվի «Ակադեմիական քաղաք» պետական հիմնադրամ, ինչի մասին գործադիրը համապատասխան որոշում է ընդունել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս որոշմամբ երկրի պատմության նոր էջ է բացվում: «Շատ խորը քննարկումներ են տեղի ունեցել: Մեզ վախեցրել են, որ եթե պարզվի՝ սխալ քայլ ենք անում, ունեցածը կկորցնենք։ Փորձել ենք համոզվել, որ ճիշտ բան ենք անում․․․ Բաց առաջարկով կդիմենք բուհական շրջանակներին՝ արձանագրելով, որ ՀՀ-ում կլինի 8 բուհ, որոնք կֆինանսավորի պետությունը: Մեր նպատակադրումն այն է, որ այդ բուհերը որևէ կողմնակի տեղ նայելու անհրաժեշտություն չունենան իրենց լիարժեք գործունեությունն ապահովելու համար»,-ասել է նա: Վարչապետը նշել է, որ տեղաբաշխումը նույնպես շատ կարևոր է և մի քանի քննարկումից հետո որոշվել է, որ քաղաքը կտեղակայվի Երևանի, Կոտայքի և Արագածոտնի մարզի հատման կետում։ Փաշինյանը նշել է, որ երկար փնտրտուքների արդյունքում ակադեմիական քաղաքի տեղակայման ամենադիպուկ վայրն է ընտրվել՝ կոմունիկացիոն և բոլոր առումներով: Կառավարության ղեկավարի խոսքով՝ հաջողվել է քաղաքի կառուցման համար ՀՀ-ում գտնել 300-ից ավելի հեկտար տարածք, որը պետական հող է։ «Հիմնադրամի առաջին գործառույթը կրթական քաղաքին անհրաժեշտ կոմունիկացիաները մոտեցնելու մասն է: Հաջորդը՝ կստեղծենք գլխավոր հատակագիծը և հընթացս կոնկրետ բուհերը»,-ասել է վարչապետը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյաը նշել է, որ հասցեագրվելու է մի շարք թիրախների ապահովումը, որոնցից են՝ 4 բուհ միջազգային վարկանիշային աղյուսակում ունենալը, օտարերկրյա ուսանողների թիվը կրկնապատկելը և կրթության մակարդակի միջազգային հեղինակությունը բարձրացնելը։ «Նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքը բաղկացած կլինի 3 կլաստերից: Այստեղ քաղաքաշինական լուծումների պարագայում կարող է քննարկվել նաև ազգային ստադիոնի կառուցման հարցը։ Այս հարցերը պետք է իրականացնող կառույց լինի, որը նախապատրաստումից մինչև իրավական բուն գործընթացն ու քաղաքի կառավարումը կիրականացնի»,- ասել է նախարարը։ Փաշինյանը հավելել է, որ 3 կլաստերի հետ կապված կողմնորոշված են. առաջինը՝ «Հայֆիլիմի» տարածքում կլինի արվեստների համալսարան և արվեստների ավագ դպրոց: «Սա նշանակում է, որ կունենանք բուհ և ավագ դպրոց, որտեղ արվեստի բոլոր ուղղությունները մի տեղում կլինեն: Նաև կունենանք ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող արվեստների ավագ դպրոց: Հաջորդ կլաստերը՝ սպայական ավագ դպրոցն է և սպայական համալսարանը: Մենք պետք է գնանք այդ լուծման՝ կրթության ինչ-որ մի հատված սպայական բոլոր մասնագիտությունների ներկայացուցիչները պետք է մի տեղում նախանական կրթություն ստանան: Սա ոչ միայն կրթական, այլև պետական հարց է, որովհետև առիթ ունեցել եմ ասելու, որ սպայական դասը ցանկացած պետության ողնաշարն է: Մենք Հայաստանի Հանրապետությունում նպատակադրված և գաղափարաբանորեն սպայական դաս ձևավորելու հարցում լիարժեք մոտեցումներ և գործիքներ չենք ունեցել»,-ասել է Փաշինյանը։ Նա նաև հավելել է, որ ակադեմիական քաղաքը պետք է լինի մի տարածք, որը նաև իր կոլորիտով և գրավչությամբ պետք է լինի առանձնահատուկ: «Հաֆիլիմի» տարածքում նախատեսում ենք ունենալ ունիվերսալ համերգասրահ, որը միևնույն ժամանակ կլինի և՛ թատրոնի, և՛ օպերայի բեմ, և՛ կինոթատրոն, որպեսզի ուսանողներն իրենց պրակտիկ աշխատանքն իրականացնելու հնարավորություն ունենան»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։ Ծրագիրը հաստատվել է կառավարության մարտի 16-ի նիստում։ Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |