Վիկտորինը՝ Ստեփանակերտ-Բաքու շփման մասին․ Ինչ-որ միջազգային մեխանիզմ է պետք, բայց պետք է աշխատենք այն ձևավորելու ուղղությամբ![]() 15 մայիսի 2023 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը բարձրացվել է նաև Արցախի հայերի իրավունքների և անվտանգության հարցը: Այդ մասին ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով մայիսի 14-ին կայացած բանակցությունների վերաբերյալ հարցին: Նա նշել է, որ դա Ստեփանակերտի և պաշտոնական Բաքվի միջև ուղիղ քննարկման առարկա է՝ հավելելով, որ ինչ-որ միջազգային մեխանիզմ է պետք, բայց պետք է աշխատել այն ձևավորելու ուղղությամբ, հայտնում է Արմենպրեսը։ «Նախկինում մի քանի անգամ ընդգծվել է, որ դա Ստեփանակերտի և պաշտոնական Բաքվի միջև ուղիղ քննարկման առարկա է: Ոչ միայն այս հանդիպման ընթացքում, այլ նաև նախագահ Միշելի մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն»,-ասել է դեսպանը: Ըստ Վիկտորինի՝ դա նույնպես ենթադրում է առաջիկայում լրացուցիչ քայլեր: «Կա ընկալում, որ ինչ-որ միջազգային մեխանիզմ է պետք, բայց պետք է աշխատենք այն ձևավորելու ուղղությամբ և բոլոր կողմերի հետ համաձայնեցնենք»,-ասել է նա՝ հավելելով, որ աշխատանք կա անելու: Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Շառլ Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Մայիսի 19-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։ Հունիսի 1-ին Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, տեղի կունենա հնգակողմ հանդիպում՝ Միշելին, Միրզոյանին և Բայրամովին կմիանան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |