Փոթիում առգրավել են ՀՀ-ով ներկրված 80 կգ հերոին․ Իրանի քաղաքացի է ձերբակալվել

Փոթիում առգրավել են ՀՀ-ով ներկրված 80 կգ հերոին․ Իրանի քաղաքացի է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Փոթիի նավահանգստում վրացի իրավապահները բեռնատար են կանգնեցրել, որում հայտնաբերվել է 80 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց։ Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդագրության, այդ բեռնատարն Իրանից Հայաստանի տարածքով մտել է Վրաստան և հասել Փոթիի նավահանգիստ։

«Քննությամբ պարզվել է, որ Իրանի քաղաքացի մեղադրյալը նպատակ է ունեցել Իրանից Հայաստանի և Վրաստանի տարածքով Եվրոպա տեղափոխել առանձնապես խոշոր չափի թմրամիջոց: Նա փորձել է վերը նշվածն իրականացնել Վրաստանի ծովային նավահանգիստներից մեկով, ինչի ժամանակ էլ ձերբակալվել է»,- հայտնել են ՆԳՆ-ից, գրում է Aliq.ge-ն։

«Փոթիի նավահանգստում հայտնաբերվել է մեղադրյալի վարած բեռնատարը: Տրանսպորտային միջոցի խուզարկությամբ՝ կցասայլի հետևի երկու դռներից, հատուկ պատրաստված թաքստոցից որպես ապացույց վերցվել է 315 տուփ 80 կիլոգրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց», — նշված է ՆԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Ըստ ՆԳՆ-ի՝ 1961 թվականին ծնված Իրանի քաղաքացուն սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում, գործը քննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260 և 262 հոդվածներով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---