ԱԳՆ․ Ադրբեջանի ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու իրավասություն![]() 30 մայիսի 2023 - 11:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հերթական ռազմատենչ հայտարարություններին, որոնք միտված են վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու իրավասություն։ Նշվում է նաև, որ Հարավային Կովկասի խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պարտավոր են հանդես գալ միանշանակ և աներկբա գնահատականներով: «Ի հեճուկս ՄԱԿ-ի կանոնադրությանը, 2022թ․ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու գրավոր հանձնառությանը, այլ հարթակներում բազմիցս ստանձնած նույնպիսի բանավոր պարտավորություններին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի նախագահը ՀՀ-ին կրկին սպառնում է ուժի կիրառմամբ, իսկ ԼՂ բնակչությանը՝ էթնիկ զտումներով: Անհրաժեշտ է արձանագրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ոտնահարել ու անտեսել ինչպես նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: Նշյալի վկայությունն են նախագահ Ալիևի խոսքերն առ այն, որ վերահսկելով Լաչինի միջանցքը` Ադրբեջանը խափանել է ԼՂ ու Հայաստանի միջև կապը: Ավելին, նույն համատեքստում Ադրբեջանն անթաքույց կերպով սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել, եթե ԼՂ հայերը «դասեր չքաղեն» Լաչինի միջանցքի արգելափակումից: Ցավոք, ձեռքբերված պայմանավորվածությունների և հանձնառությունների խախտումներն այսքանով չեն սահմանափակվում: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ միջազգային մեխանիզմի շրջանակներում երկխոսություն սկսելու փոխարեն՝ Ադրբեջանի նախագահը վերջիններիս սպառնում է հաշվեհարդարով և քրեական հետապնդմամբ: Միաժամանակ, ի ցույց է դրվում, որ Ադրբեջանը ոչ թե ցանկանում է հասցեագրել առկա խնդիրները, այլ առաջ շարժվել «չկան ԼՂ հայեր, չկա ԼՂ հիմնախնդիր» սկզբունքով: Նման գործելաոճը հակասում է նաև ընթացիկ բանակցությունների տրամաբանությանը, այդ թվում` միջնորդական առաքելություն իրականացնող դերակատարների՝ կարգավորման վերաբերյալ մոտեցումներին: Աներկբա է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու իրավասություն: Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության, այդ թվում՝ միջնորդական առաքելություն իրականացնող դերակատարների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ հող է նախապատրաստում ԼՂ բնակչության դեմ հերթական ագրեսիվ գործողության և իրենց հայրենիքում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքից զրկելու համար: Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ է հնչեցնում ԼՂ բնակչության նկատմամբ, այլ նաև կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Փաստացիորեն, Ադրբեջանի նախագահը մարտահրավեր է նետում ամբողջ քաղաքակիրթ հանրությանը՝ սպառնալով ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ: Ավելին, ընդգծվում է, որ նույնիսկ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով չի կարող կանգնեցնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները բավարարելու նկրտումները: Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղության հաստատման իր ընտրած ճանապարհին: Ցավոք սրտի, ինչպես երևում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, այդ պետությունը խնդիրների լուծումը տեսնում է ոչ թե Ալմաթիի հռչակագրով նախանշված սահմաններով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հասցեագրման, այլ սպառնալիքի և ռազմական ուժի գործադրման ճանապարհով։ Նման զարգացումները կանխելու համար Հարավային Կովկասի խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պարտավոր են հանդես գալ միանշանակ և աներկբա գնահատականներով»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Իլհամ Ալիևը Լաչինում մայիսի 28-ի իր ելույթում ասել է, թե «անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը» և ԼՂ հայերին մեկ ճանապարհ է մնում՝ ենթարկվել Ադրբեջանին, «ցրել խորհրդարանը, աղբամանը նետել կեղծ պետական ատրիբուտները»։ Ալիևն իր ելույթում ասել է նաև․ «Բոլորին լավ հայտնի է, որ այսօր մենք հնարավորություն ունենք ցանակացած գործողություն անցկացնել այդ ռեգիոնում՝ Ղարաբաղում։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» անվանող տարրը պետք է հանձնվի, «նախարարները, «պատգամավորները» և մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց համար կարող են ինչ-որ զիջումներ արվել։ Միայն այդ դեպքում խոսք կարող է լինել ինչ-որ համաներման մասին»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |