ԱՄՆ Պետդեպ․ Խորապես մտահոգված ենք ադրբեջանական կրակոցներից 2 օտարերկրացու վիրավորման փաստով

ԱՄՆ Պետդեպ․ Խորապես մտահոգված ենք ադրբեջանական  կրակոցներից 2 օտարերկրացու վիրավորման փաստով

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարությունն իր մտահոգությունն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի խախտման կապակցությամբ, ինչի հետևանքով հայկական կողմում վիրավորվել է 2 օտարերկրացիներ։ Այդ մասին Twitter-ում գրել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Խորապես մտահոգված ենք, որ Հայաստանում ԱՄՆ-ին առնչվող ընկերության 2 քաղաքացիական աշխատակից վիրավորվել է Ադրբեջանի կողմից արձակված կրակոցներից։ Վերահաստատում ենք սահմանների երկայնքով զսպվածության պահպանման մեր կոչը, քանի որ կողմերը աշխատում են երկարատև և հավասարակշռված խաղաղության հաստատման ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Հունիսի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Միլլերը տեղեկացրել էր, որ Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հետաձգման պատճառը «հարյուր տոկոսով ժամանակացույցն է» ՝ ընդգծելով, որ հետաձգումն ամենևին չի արտացոլում «բանակցությունների վիճակը և տարաձայնությունները»:

Միլլերն ընդգծել էր. «Անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլին, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ երկխոսությունը՝ Հարավային Կովկասի համար: Ինչպես նշել ենք նախկինում, կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ մնացած խնդիրների լուծման համար։ Գտնում ենք՝ համաձայնությունը հասանելի է»:

Միլլերը հրաժարվել է հստակեցնել բանակցությունների նոր փուլի ժամկետը՝ հույս հայտնելով, որ հանդիպման համար նոր ամսաթիվ կնշանակվի հնարավորինս շուտ:

Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։

ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կողմից բացված կրակին Երասխի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ, հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---