Նախարար․ Ամառային ռազմամարզական ճամբարը պարտադիր է լինելու 11-րդ դասարան բոլոր փոխադրվածների համար![]() 21 հունիսի 2023 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Հաջորդ ուսումնական տարվանից ամառային ռազմամարզական ճամբարը պարտադիր է լինելու 11-րդ դասարան փոխադրված բոլոր աշակերտների համար։ Այդ մասին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի շրջանակում կազմակերպված ռազմամարզական ճամբարին մասնակից աշակերտների հետ հանդիպմանը։ Բացառություն կարվի միայն պարապմունքների հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունեցող աշակերտների համար։ Ճամբարը կազմակերպվում է 5 փուլով` Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում: Առաջին փուլը մեկնարկել է հունիսի 15-ից: Անդրեասյանը դիտել է ճամբարի մասնակիցների ուսումնական վարժանքը՝ հետևել «Գոյատևման հիմունքներ» և «Կրակային պատրաստություն» գործնական պարապմունքին: Ճամբարականները կատարել են գետանցում, դժվարամատչելի տեղանքի հաղթահարում, ցուցադրել են պայմանական դիվերսիոն խմբի վնասազերծում, ցուցաբերել առաջին բուժօգնություն: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ճամբարը շատ կարևոր է երեխաների համար, քանի որ նրանք գործնական հմտություններ են ձեռք բերում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից, որում ինտեգրված է նաև «Քաղաքացիական պաշտպանություն» առարկան: Հետևաբար, ըստ նախարարի՝ ռազմամարզական ճամբարը հնարավորություն է տալու էապես բարելավել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման որակը: Մասնակիցները պարապմունքներն անում են խառը խմբերով՝ տղա և աղջիկ, նաև օրվա տարբեր ժամերին, որպեսզի, օրինակ, աստղերի օգնությամբ կողմնորոշվեն տեղանքում: Նրանք սովորում են ամենատարրական հմտություններ՝ ինչպես անցնել գետը, կողմնորոշվել անտառային միջավայրում, դժվարանցանելի վայրեր բարձրանալ, գիշերել վրաններում, սովորում են կրակել, հաղթահարել լեռնային պայմաններ և այլն: ՆԶՊ առարկայի չափորոշչի հեղինակային խմբի ղեկավար Արթուր Կարապետյանի խոսքով՝ ճամբարային փորձը ցույց է տվել, որ «Գոյատևման հիմունքներ» ուսումնական ծրագրի գործնական պարապմունքների ծավալը պետք է ավելացնել՝ կրճատելով ճամբարային դասընթացի տեսական մասը: «Երեխաները սովորում են արտակարգ իրավիճակներում կողմնորոշվել, հայթայթել սնունդ, ջուր, կատարել տարբեր բարդ խնդիրներ, ճիշտ կողմնորոշվել տարածքում»,- նշել է Արթուր Կարապետյանը՝ շեշտելով, որ այդ հմտություններն անհրաժեշտ են բոլորին՝ ողջ կյանքի համար: Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի տնօրեն Արկադի Պետրոսյանի խոսքով՝ հատկապես աղջիկները ճամբարին մասնակցում են ավելի մեծ ոգևորությամբ։ Հանրակրթության ոլորտում մարզառազմական ճամբարի ծրագիրն առաջին անգամ փորձարկվել է 2021 թվականին` որպես «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի ուսուցման գործնական փուլ: Ծրագիրը ներառված է Հանրակրթության նոր չափորոշչում և ՆԶՊ առարկայի նոր ծրագրում. այն փորձարկվում է ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում: Զինվորական ստորաբաժանման նմանությամբ, երկու բաղադրիչով՝ տեսական դասերով և գործնական պարապմունքներով, կազմակերպված ճամբարի այս փուլին մասնակցում են Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի դպրոցների աշակերտները՝ շուրջ 138 սովորող: Ճամբարի առաջին հերթափոխը կավարտվի հունիսի 25-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |