Ինտերնետային շահումով խաղերից հնարավոր կլինի օգտվել բացառապես անկանխիկ տարբերակով

Ինտերնետային շահումով խաղերից հնարավոր կլինի օգտվել բացառապես անկանխիկ տարբերակով

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ինտերնետային շահումով խաղերից հնարավոր կլինի օգտվել բացառապես անկանխիկ տարբերակով` բանկային և քարտային հաշիվներով։ Կառավարության նիստում օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա հայտարարել է, որ կարգելվի տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին միջոցներ մուտքագրել կամ ելքագրել կանխիկ եղանակով։

«Տոտալիզատորի մասնակցի հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող հաշվի միջոցով: Նախագծի նպատակն է, որ խաղացողը միայն իր հաշվից խաղադրույք կատարի։ Դրանով էլ ավելի վերահսկելի է դառնում նրա վարքագիծը։ Եթե հաշվեհամարի վրա կա արգելանք, ապա տվյալ անձը չի կարողանա մասնակցել ինտերնետ շահումով խաղերին, կատարել խաղադրույքներ կամ համալրել հատուկ խաղային հաշիվները»,- նշել է նախարարը, հայտնում է Factor.am-ը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա կառավարության սկզբունքային բարեփոխումներից է և ունի երկար պատմություն։ Նրա խոսքով` խնդրի լուծման համար առաջին փուլով բոլոր գազալցակայանների մոտից հանվեցին խաղային սարքերը, ապա փակվեցին բուքմեյքերական գրասենյակները։

«Ուզում եմ հիշեցնել, որ երկու որոշումների կայացումն էլ ուղեկցվել է բողոքի ակցիաներով, որ տնտեսական հարված ենք հասցնում, աշխատատեղեր ենք կրճատում: Բուքմեյքերական գրասենյակները վերացան, բայց մարդիկ գնում էին, տերմինալներով կանխիկ դրամ էին գցում իրենց էլեկտրոնային դրամապանակներում և այնտեղից էին խաղադրույք անում: Մենք փոխեցինք կարգավորումը՝ պահանջելով, որ նույնականացվի, թե ում է պատկանում այդ դրամապանակը»,– նշել է Փաշինյանը։

Վարչապետը հայտարարել է, որ այս կարգավորմամբ սահմանվում է, որ դրամապանակները չեն կարող կանխիկ լիցքավորվել, կարող են լիցքավորվել միայն անկանխիկ և միայն սեփականատիրոջ հաշվից:

Ֆինանսների նախարարը հայտարարել է, որ հաջորդ քայլը լինելու է այն, որ սահմանափակելու են այն ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների գործունեությունը, որոնք լիցենզավորված չեն Հայաստանում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---