Կալանավորվել է նաև Վարդան Ղուկասյանի՝ «Դոգի» մյուս քույրը

Կալանավորվել է նաև Վարդան Ղուկասյանի՝ «Դոգի» մյուս քույրը

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեում քննվող քրվարույթի շրջանակում կալանավորվել է Վարդան Ղուկասյանի՝ «Դոգի» քույրը, Կարինե Ղուկասյանը։ Այդ մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կարինե Ղուկասյանը մտերիմ-անձնական կապերի մեջ է գտնվել ոստիկանության Երևանի վարչության համապատասխան ծառայության աշխատակցի հետ, որին նա համոզել է տրամադրել իրեն ֆիզիկական անձի անձնական, հրապարակման ոչ ենթակա, ուղղակի կերպով անձին նույնականացնող տեղեկություններ։

Պաշտոնատար անձը, հանցավոր համաձայնության գալով Կարինե Ղուկասյանի հետ՝ օգտվելով իրեն հասանելի ՀՀ կառավարման մարմինների շտեմարաններից, տեղեկությունները տրամադրել է նրան։

Ձերբակալելուց հետո Կարինե Ղուկասյանին ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 46-204-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելուն հանցակից լինելը), իսկ ոստիկանության ծառայողին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի բազմաթիվ դրվագներով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը)։ Միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը 22․06․2023թ․-ին դատարանի կողմից բավարարվել է։

Ոստիկանության ծառայողի նկատմամբ ավելի վաղ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով նախատեսված այլ հանցավոր արարքներ կատարելու համար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է Վարդան Ղուկասյանի «Դոգի» քույրը Լ. Ղ.–ն։ Նրան մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 4-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը, որն առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս)։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---