Միրզոյան․ Ժամանակն է շարունակել հայ-թուրքական կարգավորման շուրջ բանակցությունները

Միրզոյան․ Ժամանակն է շարունակել հայ-թուրքական կարգավորման շուրջ բանակցությունները

PanARMENIAN.Net - Ավստրիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին, ասել է, որ ժամանակն է դրանք շարունակել՝ Թուրքիայում նախընտրական քարոզարշավով և ընտրություններով պայմանավորված դադարից հետո։

Լրագրողը, նշելով, որ Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Շալենբերգն առաջարկել է Վիեննան՝ որպես Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների հարթակ, հարցրել է Միրզոյանին, թե արդյոք դիտրակվում է այդ տարբերակը։

Միրզոյանը ևս մեկ անգամ իր երախտագիտությունն է հայտնել իր գործընկերոջը՝ Վիեննան՝ որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հարթակ առաջարկելու համար:

«Գիտենք, որ մի քանի անգամ մեր ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Վիեննայում և հնարավորություն են ունեցել քննարկել կարգավորման հարցերը և հուսով եմ դա կլինի շարունակական: Կցանկանայի հավելել, որ մենք ունեցանք որոշակի դադար այս գործընթացում, որը, կարծում եմ, պայմանավորված էր Թուրքիայում նախընտրական քարոզարշավով և ընտրություններով: Հիմա ժամանակն է շարունակել կարգավորման շուրջ բանակցությունները: Եվ առկա են շատ քայլեր, որոնք արդեն իսկ կարող են իրականացվել երկու կողմերից՝ վստահ լինելու համար, որ մենք ճիշտ ուղու վրա ենք դեպի հարաբերությունների վերջնական, համապարփակ և ամբողջական կարգավորում, երկու երկրների միջև սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Այս պարագայում, ես, իհարկե, առաջին հերթին նկատի ունեմ հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների, նաև Հայաստանի և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիների համար։ Կան մի քանի այլ նախագծեր, որոնք ևս քննարկվում են»,-ասել է Միրզոյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ այս պահին բանակցությունների համաձայնեցված ամսաթիվ չկա:

Երևանն ու Անկարան 2021-ի դեկտեմբերին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն Անկարային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին ասվում է Թուրքիայի վերաբերյալ հանձնաժողովի հաշվետվության մեջ, հայտնում է ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչությունը։

 Ուշագրավ
---