Ավինյան. Աղբահանության խնդիրը մեղմվել է, բայց ծառայողական քննություն կանցկացվի

Ավինյան. Աղբահանության խնդիրը մեղմվել է, բայց ծառայողական քննություն կանցկացվի

PanARMENIAN.Net - Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարել է, որ մայրաքաղաքի աղբահանության վիճակն արդեն իսկ ծայրահեղ չէ։

«Աղբահանության խնդիրը, որը սրվել էր Երևանում, այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ մեղմվել է, բայց մենք պետք է կենտրոնանանք հիմնարար լուծման վրա, քանի որ հիմա ժամանակավորապես ենք վերադառնում նորմալ ցիկլի։ Ակնկալում եմ, որ հետագայում կզեկուցվի, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր են իրականացվում»,- ասել է Տիգրան Ավինյանը, հայտնում է Panorama.am-ը։

Նա քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանին հանձնարարել է քննություն իրականացնել՝ հասկանալու աղբահանության խնդրի պատճառները, որպեսզի հետագայում նման խնդիրների առաջ չկանգնեն։

Աղաջանյանն ասել է, որ 495 սանմաքրման աշխատակիցներ շաբաթական 6-օրյա գրաֆիկով իրականացրել են Երևանի բակերի և փողոցների մաքրություն, 24/7 ռեժիմով աղբահանություն է կատարել 31 աղբատար մեքենա, փողոցներն էլ լվացվել են 22 ջրցան մեքենաներով։

Նա նաև ասել է, որ աղբահանություն իրականացնելու ժամանակ աղբամաններում հայտնաբերվել է թափված շինաղբ, ինչն, ըստ նրա, իր հերթին ևս դժվարացրել է աղբահանության աշխատանքները։

«Ամռանը աղբի ծավալն ավելանում է, տեխնիկան էլ խնդրահարույց է, բայց պետք է կարողանանք այնպիսի ցիկլ ունենալ, որ այդ հարցը բաց չլինի, և ծառայողական քննության արդյունքների մասին էլ հետագայում բաց կզեկուցեք»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---