Երեւանում բացվել է Ալեքսանդր Խաչունցի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Ալեքսանդր Խաչունցի լուսանկարների «Տեսանելիից այն կողմ» խորագրով երրորդ հեղինակային ցուցահանդեսը բացվել է ապրիլի 27-ին Հայաստանի ճարտարապետների միությունում: Ցուցադրվել են կենսաբանական գիտությունների թեկնածու, բժիշկ-նեյրոֆիզիոլոգ Խաչունցի շուրջ 40 աշխատանքներ:



Ցուցահանդեսում ներկայացված են վերջին երկու տարիներին ստեղծված աշխատանքները: Հեղինակն ինքն իր լուսանկարները համարում է շրջակա աշխարհի սյուռեալիստական, դրամատիկ եւ բանաստեղծական արտացոլումը:



«Ցուցահանդեսը կոչվել է «Տեսանելիից այն կողմ», քանի որ բոլոր լուսանկարներն արվել են ինֆրակարմիր լուսային դիապազոնում, որն անտեսանելի է մարդու աչքի համար,-ցուցահանդեսի բացմանն ասել է Ալեքսանդր Խաչունցը:-Դրա շնորհիվ ցուցահանդեսի այցելուները հնարավարություն են ստացել տեսնել մեզ շրջապատող աշխարհը, բնությունն ու շինությունները բոլորովին այլ լույսի ներքո»:



Բացի իր հիմնական պրոֆեսիոնալ գործունեությունից, Ալեքսանդր Խաչունցը սկսել է զբաղվել լուսանկարչությամբ շուրջ 15 տարի առաջ: Արդյունքում լուսանկարչի աշխատանքները մասնակցել են տասնյակ ցուցահանդեսների, ընդգրկվել են որպես հիմք օրացույցների համար եւ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի եւ «Բասս» հյուրանոցի հիմնական ցուցադրության մեջ, ինչպես նաեւ մի քանի մասնավոր հավաքածուներում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---