Մարուքյան․ Մոսկվայում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարց ՀՀ ԱԳ նախարարի հետ չի քննարկվել

Մարուքյան․ Մոսկվայում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարց ՀՀ ԱԳ նախարարի հետ չի քննարկվել

PanARMENIAN.Net - Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվայում տեղի ունեցած ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանն ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարց Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ չի քննարկվել։

Նա այդ մասին ասել է՝ անդրադառնալով եռակողմ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են երաշխիքներ տրամադրել վերադառնալ ցանկացողներին, հայտնում է Արմենպրեսը։

«Պետք է ասեմ, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն այս իմաստով չի համապատասխանում քննարկված առարկային, որովհետև Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ նման հարց չի քննարկվել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ունեցել է երկկողմ հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, հետո տեղի է ունեցել եռակողմ հանդիպում, որից հետո նա, իմ կարծիքով, փորձել է այնպիսի հայտարարություն անել, որում տեղ կգտնի նաև Ադրբեջանի ուզած նարատիվը։ Ես կարծում եմ, որ լավ կլիներ, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն անդրադառնար նոյեմբերի 9-ի հայտարարության, որը ստորագրել է նաև Ռուսաստանի նախագահը, 7-րդ կետին։ Օրինակ՝ ներքին տեղահանվածները վերադարձել ե՞ն, թե՞ չեն վերադարձել։ Այս հարցով պարտավորությունը իրականացվե՞լ է, թե չի իրականացվել»,- ասել է Մարուքյանը՝ վստահեցնելով, որ ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ Հայաստանը չի բանակցում, նման թեմա բանակցությունների սեղանին չկա, դա ընդամենը Ադրբեջանի կողմից տարածվող քարոզչություն է։

Նրա խոսքով՝ եթե հասնեն նրան, որ Ադրբեջանը կկատարի նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր ստանձնած պարտավորությունը ներքին տեղահանվածների վերադարձի վերաբերյալ, այդ ժամանակ կարող է խոսակցություն բացվել ադրբեջանցիների վերադարձի մասին, եթե Ադրբեջանը ցանկանա։

Մարուքյանը շեշտել է նաև, որ ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ Հայաստանը պարտավորություն չի ստանձնել, իսկ Ադրբեջանն ունի պարտավորություն Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից ներքին տեղահանվածների վերադարձն ապահովելու հարցով։

«Երբ նրանք կկատարեն իրենց պարտավորությունը, կուզենան խոսել դրա մասին, ուրեմն այդ խոսակցությունը կբացվի։ Իսկ ինչի՞ մասին է այդ խոսակցությունը։ Իրենք ասում են, որ Հայաստանից ադրբեջանցիներ են գնացել։ Բայց Ադրբեջանից էլ հայեր են գնացել։ Հայերը գնացել են մազապուրծ՝ սպանությունների, ահաբեկչության, տներն այրելու սպառնալիքների տակ և դարձել փախստականներ, իսկ ադրբեջանցիներն այստեղից գնացել են տները փոխելով, դրանց դիմաց փոխհատուցում ստանալով»,- նշել է նա։

Էդմոն Մարուքյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի գործողություններին, որոնցով փորձ է արվում ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիների իրավունքները հավասարեցնել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հետ։ Մարուքյանը շեշտել է, որ Ադրբեջանի այդ փորձը շատ թույլ է և անիմաստ, դրանով Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի բացառիկությունը նվազեցնել, իսկ այդ բացառիկությունը ֆիքսված է նոեմբերի 9-ի փաստաթղթով։

Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանը հասկանում է, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին, որ շուտափույթ հանդիպեն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ «համաձայնեցնելու համար իրավունքները, որոնք բխում են համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի), ներառյալ բազմաթիվ կոնվենցիաները ազգային փոքրամասնությունների մասին»։

Լավրովն ասել է, որ Բաքուն ու Երևանը պատրաստ են «փոխադարձության սկզբունքով» ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման երաշխիքներ տրամադրել իրենց տարածքներում:

 Ուշագրավ
---