Արցախի ԱԳ նախարար. Պատրաստ ենք քննարկել ցավոտ հարցեր՝ բանակցությունների արդյունքի չկանխորոշված լինելու պայմանով![]() 31 օգոստոսի 2023 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ռուսական The Moscow Times պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ են քննարկել ցավոտ հարցեր՝ բանակցությունների արդյունքի չկանխորոշված լինելու պայմանով։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ադրբեջանն օգտագործում է «ինտեգրում» եզրույթը՝ քողարկելու Արցախի ժողովրդի բռնի հպատակեցման և պատմական հայրենիքից նրա հետագա վտարման ներկայումս իր կողմից իրականացվող քաղաքականությունը, գրում է CivilNet-ը։ Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր համարում է, որ դիվանագիտական հարթակում Ստեփանակերտի և Երևանի ջանքերը կարող են ստիպել Բաքվին հեռացնել Լաչինի շրջանում տեղադրված հսկիչ անցակետը, և հավատում է արդյոք, որ Բաքուն կենթարկվի որևէ պահանջի՝ առանց ուժային պարտադրանքի։ «Լաչինի միջանցքի պարամետրերն ու շահագործման ռեժիմը սահմանված են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ, որի 6-րդ կետով ամրագրված է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անխափան ցամաքային կապը։ Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահված է բացառապես ՌԴ խաղաղապահ զորակազմին։ Սակայն պետք է ընդգծել, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումն ու գործողությունները լիովին հակասում են վերոնշյալ Եռակողմ հայտարարության թե՛ ոգուն, և թե՛ տառին։ Այս առումով հրատապ խնդիր է դառնում Եռակողմ հայտարարության շրջանակներում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ դրույթների՝ Ադրբեջանի կողմից խստիվ և անվերապահ իրականացման ապահովումը: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է միավորել ոչ միայն Ստեփանակերտի և Երևանի, այլև՝ Եռակողմ հայտարարության այն մասնակիցների ջանքերը, ովքեր իսկապես շահագրգռված են կայունության ապահովման և սահմանված պարտավորությունների պահպանման հարցում։ Բացի այդ, միջազգային դերակատարները, որոնք ողջունել են Եռակողմ հայտարարությունը և այժմ այն դիտարկում են որպես տարածաշրջանային անվտանգության ներկայիս ճարտարապետության հիմնաքար, նույնպես պետք է իրենց ներդրումն ունենան տարածաշրջանում կայունության ապահովման գործում»,–ասել է նա։ Նա նշել է, որ Եռակողմ հայտարարությունը չի ենթադրում Ադրբեջանի որևէ ներկայություն Լաչինի միջանցքում, առավել ևս՝ վերջինիս կողմից որևէ վերահսկողական գործառույթի իրականացում։ Նա հավելել է, որ այդ տեսակետը 2023–ի փետրվարի 28-ին վերահաստատել է ՌԴ ԱԳ նախարարը, որն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հստակ ընդգծել է, որ Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքում հսկիչ անցակետերի տեղադրում նախատեսված չէ: Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները հաստատում են Ադրբեջանի պարտավորությունը՝ «ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով», ինչը բացառում է Լաչինի միջանցքում անցակետի առկայությունը։ «Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր՝ նախ «բնապահպանական բողոքի ակցիայի» պատրվակով, իսկ այնուհետև Եռակողմ հայտարարության խախտմամբ ապրիլի 23-ին միակողմանիորեն անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է խզել Արցախի ժողովրդի և Հայաստանի միջև առկա բնական խորը կապերը, զրկել նրան ինքնությունից, ինքնաբավությունից և զարգացման հնարավորություններից։ Ադրբեջանը հետևողական և համակարգված կերպով ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որպեսզի ստիպի Արցախի ժողովրդին ընդունել իր վերջնագրային պահանջները։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը և սովի ու հարկադրանքի միջոցով Արցախի ժողովրդին սեփական դիրքորոշման պարտադրումը պաշտոնական Բաքվի ցեղասպան քաղաքականության մաս են կազմում։ Հետևաբար, մենք բարձրաձայնում ենք ցեղասպանության հանցագործության կանխարգելման գործում միջազգային հանրության և, առաջին հերթին, համաշխարհային դերակատարների պատասխանատվության մասին և ելնում ենք նրանից, որ տվյալ պետություններն ու կազմակերպություններն ունեն համապատասխան ռեսուրսներ և գործիքակազմ՝ մարդկության դեմ նման հանցագործությունը կանխելու համար։ Հուսով ենք, որ նրանք կօգտագործեն իրենց հնարավորությունների ողջ զինանոցը՝ աղետալի հետևանքներից խուսափելու համար։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ցեղասպանության կանխարգելումը ոչ միայն միջազգային հանրության բոլոր անդամների իրավունքն է, այլ նաև պարտավորությունը»,–ասել է ԱՀ ԱԳ նախարարը։ Անդրադառնալով այն հարցին, թե Ստեփանակերտում կա՞ պաշտոնյաների որոշակի խումբ, որը պատասխանատու է ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու համար՝ Սերգեյ Ղազարյանն ասել է, որ արցախյան կողմը մշտապես ընդգծել է համաձայնեցված միջազգային ձևաչափի անհրաժեշտությունը, որի շրջանակներում հնարավոր կլինի ձեռնամուխ լինել փոխընդունելի, հավասարակշռված լուծումների որոնմանը, որոնք կապահովեն կայուն, արդար և արժանապատիվ խաղաղություն: Խոսելով կարմիր գծերի մասին՝ Ղազարյանն ասել է, որ Արցախը պատրաստ է քննարկել բարդ և ցավոտ հարցերի ամբողջ շրջանակը՝ պայմանով, որ բանակցությունների ընթացքն ու արդյունքը չպետք է կանխորոշված լինեն: «Իսկ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի թե՛ անհատական, թե՛ հավաքական իրավունքների բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, պետք է հստակ միջազգային երաշխիքներ սահմանվեն Արցախի ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի իրացման համար։ ․․․Ադրբեջանն օգտագործում է «ինտեգրում» եզրույթը՝ քողարկելու Արցախի ժողովրդի բռնի հպատակեցման և պատմական հայրենիքից նրա հետագա վտարման ներկայումս իր կողմից իրականացվող քաղաքականությունը: Հետևաբար, եզրույթների գնահատումն անհնար է առանց հաշվի առնելու այն նպատակները, որոնց համար դրանք օգտագործվում են։ Կարծում ենք, որ ավելի ճիշտ է խոսել փոխընդունելի և հավասարակշռված ձևակերպումների որոնման մասին, որոնք ուղղված կլինեն կայուն ու արդար որոշումների մշակմանը և կծառայեն խաղաղության շահերին»,–ասել է ԱՀ ԱԳ նախարարը։ Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է, որոնց ավելացել են նաև Փարիզի և Ֆրանսիայի շրջանների ուղարկած հումանիտար բեռով բեռնատարները։ Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Աղդամի ճանապարհով դեպի Արցախ ուղևորվող երկու բեռնատար հասել է Աղդամ– Ստեփանակերտ ճանապարհին։Բաքուն հայտարարել է, թե այդ բեռնատարներում 40 տոննա ալյուր է Ստեփանակերտի բնակիչների համար։ Ադրբեջանի ԶԼՄ–ների համաձայն, նրանք բանակցում են ռուս խաղաղապահների հետ և վրաններ են տեղադրել ճանապարհին։ Արցախցիները կտրականապես դեմ են այդ տարբերակին և հայտարարում են, որ այդ ճանապարհով բեռներ չեն ընդունի։Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմետ Հաջիևը հայտարարել է թե Աղդամով ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի Լաչինի միջանցքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |