Ադրբեջանցիները կրկին կրակել են Կապանի օդակայանի վրա․ Վնասվել են պատերն ու պատուհանները

Ադրբեջանցիները կրկին կրակել են Կապանի օդակայանի վրա․ Վնասվել են պատերն ու պատուհանները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ի գիշերը ադրբեջանցիները, իրենց կողմից վերահսկվող տարածքներից, հրազենով կրակել են Կապանի օդանավակայանի վրա՝ վնասելով դրա պատերն ու պատուհանները։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Նա ասել է, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 44-445-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով,այսինքն՝ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով սպանության փորձը և նույն շարժառիթներով ուրիշի գույք ոչնչացնելը կամ վնասելը։

Գոռ Աբրահամյանն ասել է նաև, որ տուժածներ չկան։

Սա օդանավակայանի թիրախավորման առաջին դեպքը չէ․ օգոստոսի 17-ին, երբ օդանավակայանն արդեն պատրաստ էր կանոնավոր թռիչքներ ընդունելուն, կրկին կրակոցներ էին հնչել։

Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիք Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից իրականացված ավիաչվերթով: Օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել, հայտնել էր ՀՀ ԱԱԾ-ն։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։

 Ուշագրավ
---