Կյանքից հեռացել է Ալբերտ Ազարյանը

Կյանքից հեռացել է Ալբերտ Ազարյանը

PanARMENIAN.Net - Կյանքից հեռացել է լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանը։ Այդ մասին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

«Խորը վշտով պիտի տեղեկացնում ենք, որ քիչ առաջ կյանքի 94-րդ տարում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանը: Պատիվ և երջանկություն էր լինել ՔՈ ժամանակակիցը, հանգչիր խաղաղությամբ, սիրելի վարպետ»,- գրել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը։

Ալբերտ Ազարյանը ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի և աշխարհի բազմակի չեմպիոն էր, Երևանի պատվավոր քաղաքացի:

1954 թվականին Ալբերտ Ազարյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն օղակներից։ 1955-ին Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից:

1956-ին Ազարյանն Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։ 1960-ին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1963 թվականին Ազարյանը մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ օղակներից ու պտտաձողից և դարձել բացարձակ չեմպիոն։

Ազարյանը մասնակցել է մրցումների աշխարհի 49 պետություններում, նվաճել 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալ: ԽՍՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման, որից 9-ը՝ օղակների համարով:1964-2000թթ. եղել է օլիմպիական խաղերի պատվավոր հյուր: Նրան շնորհվել են ԽՍՀՄ վաստակավոր վարպետի, միջազգային վարպետի, միջազգային կարգի մրցավարի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պատվավոր պրոֆեսորի կոչումներ: 2000թ. ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ: Հանդիսանում է ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---