Քերոբյան․ Վերին Լարսում բեռները կանգնած են, չեմ կարող ասել՝ արդյոք կապված է Հռոմի ստատուտի վավերացման հետ

Քերոբյան․ Վերին Լարսում բեռները կանգնած են, չեմ կարող ասել՝ արդյոք կապված է Հռոմի ստատուտի վավերացման հետ

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ Վերին Լարսի անցակետում հայկական բեռները կանգնած են, խնդիրներ ունենք։ Նրա խոսքով՝ պատճառը ռուսական կողմից բեռների ստուգումներն են, հայտնում է Aysor.am-ը։

«Պատճառը ռուսական կողմը հայտնել է՝ ստուգումներ են իրականացնում կոնյակի որակի հետ կապված»,– ասել է նա։

Հարցին, թե արդյո՞ք այդ ստուգումները կապված չեն այսօր ՀՀ ԱԺ կողմից Հռոմի ստատուտի վավերացման հետ, Քերոբյանը պատասխանել է, որ չի կարող ասել։

«Չեմ կարող ասել»,- նշել է նա։

Նախարարը նաև հավելել է, որ հաճախ են նմանատիպ խնդիրներ լինում։ Իսկ թե մոտավորապես քանի բեռնատարի մասին է խոսքը՝ Քերոբյանը նշել է, որ դրա մասին արդեն հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը։

Նա նաև ավելացրել է, որ իր տեղակալն արդեն խոսել է ռուսական կողմի հետ։

Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Արմենպրեսի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանից Ռուսաստան գնացող մոտ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---