Կոպիրկինը` Սյունիք այցի մասին․ Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում և Սյունիքի մարզում, շատ կարևոր է ՌԴ համար

Կոպիրկինը` Սյունիք այցի մասին․ Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում և Սյունիքի մարզում, շատ կարևոր է ՌԴ համար

PanARMENIAN.Net - Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, խոսելով Սյունիքի մարզ իր այցի մասին, ասել է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում և Սյունիքի մարզում, շատ կարևոր է Ռուսաստանի համար։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում և Սյունիքի մարզում, շատ կարևոր է Ռուսաստանի համար։ Հայաստանն ու հայ ժողովուրդը, այդ թվում ԼՂ հայերը, կարևոր են մեզ համար։ Նրանք օտար մարդիկ չեն։ Մենք շատ սերտ ենք կապված։ Այն իրավիճակն ու այն ցավը, որն ապրում է ժողովուրդը, ընկալում ենք որպես մեր սեփականը։ Ով ինչ էլ ասի Ռուսաստանն անտարբեր չէ այդ ամենի նկատմամբ և իր գործողություններով ցույց է տվել, ցույց է տալիս և ցույց կտա, որ սա շատ կարևոր երկիր և ժողովուրդ է, որոնց հետ հազարամյակներով հարաբերություններ է կառուցել և մտադիր է հետագայում ևս անել դա»,– նշել է դիվանագետը, գրում է Sputnik Արմենիան։

Ռուսաստանը Հայաստանի համար օգնության զգալի փաթեթ է պատրաստում ինչպես պետական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների մակարդակով։ Դեսպանի խոսքով` հանդիպման ընթացքում կողմերը հիմնական ուշադրությունը սևեռել են Սյունիքի մարզի խնդիրների վրա։

Կոպիրկինը վստահեցրել է, որ ՌԴ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Սյունիքի մարզի խնդիրներին և պատրաստ է օգնել դրանց լուծման հարցում` առաջնահերթ կենտրոնանալով մարդասիրական բնույթի հարցերի վրա։ Այդ կապակցությամբ դիվանագետը դրական է գնահատել Ռոսսոտրուդնիչեստվոյի արձագանքը տեղահանվածների առաջնային կարիքներին։

Կոպիրկինն ասել է, որ տեղի իշխանությունների հետ քննարկվել է Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը։ Կոպիրկինը աջակցության և կառուցողական մոտեցման համար երախտագիտություն է հայտնել Սյունիքի ղեկավարությանը։

Առաջին անգամ Սյունիքում ՌԴ հյուպատոսության հավանական բացման մասին 2023 թվականի մայիսի վերջին հայտնել էր ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը։ Նրա խոսքով` Մոսկվայում մայիսի 25-ին կայացած Փաշինյան–Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը ողջունել է այդ նախաձեռնությունը։

«Սա նոր և շատ կարևոր պահ է։ Այստեղ մեր դիվանագետների առաջատար խումբ է աշխատում, որը նախապատրաստվում է այդ բացմանը», – նշել է դեսպանը։

ՌԴ պատվիրակության մյուս նպատակը մարզում աշխատող ՌԴ ներկայացուցիչների` զինվորականների, 102-րդ ռազմաբազայի գումարտակային խմբի, սահմանապահների հետ շփումն է։ Ինչպես նշել է դիվանագետը, այդ մարդիկ շատ բան են անում, որպեսզի այս բարդ իրավիճակում պահպանեն կայունությունն ու հայկական սահմանների անվտանգությունը։

«ՌԴ զինվորականների և սահմանապահների ներկայությունը անփոխարինելի դեր ունի։ Հատկապես այն պահին, երբ իրավիճակը բավական նյարդային է, շատ է խոսվում «Զանգեզուրի միջանցքի» մասին, և մարդիկ փորձում են հասկանալ ինչ է լինելու հետագայում Լեռնային Ղարաբաղից հետո։ Եվ իհարկե ցանկացած գործողություն և քայլ, որոնք օգնում են մարդկանց մեծ վստահություն հաղորդել, շատ կարևոր է», – ասաց Կոպիրկինը։

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ գնահատելու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքները, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղի իշխանության այլ ներկայացուցիչների հետ քննարկելու մի շարք արդիական հարցեր անվտանգություն, հյուպատոսության բացում, սոցիալական ծրագրեր իրականացնող ընկերություններ և այլն։

 Ուշագրավ
---